
ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ․ զեկույց
Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պատճառով, որ տարածաշրջանը շարունակում է զգալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի ազդեցությունը․ նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի՝ 2025 թվականի զեկույցում։
Նշվում է,որ ՆԱՏՕ-ն ողջունում է 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ նշանակալի առաջընթացը և գնահատում է Միացյալ Նահանգների շարունակական ներդրումը խաղաղության գործընթացում։
«Օգոստոսյան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, և ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ»,- նշվում է զեկույցում։
Հայաստանը, ըստ զեկույցի, շարունակել է իր մասնագիտական ռազմական կրթական համակարգի վերափոխումը։
ՆԱՏՕ-ն համագործակցում է 35 գործընկերների հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային շրջանակում։ Եվրատլանտյան տարածքում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ն սերտորեն համագործակցում է 16 երկրի հետ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի։


