
ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց․ Արաղչի
Իրանում ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Հարձակումների արդյունքում՝ ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց, ինչի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 1000 աշակերտ և ուսուցիչ։ Թիրախ են դարձել նաև հիվանդանոցները, շտապօգնության մեքենաները, բժշկական անձնակազմը, փրկարարական աշխատանքները, նավթավերամշակման գործարանները, ջրամատակարարման համակարգերը և բնակելի շենքերը»,- նշել է Արաղչին։
Նա նաև խոսել է Մինաբում աղջիկների դպրոցի վրա հարձակման մասին։
«Այն համատեքստում, երբ ԱՄՆ-ն և Իսրայելն, իրենց իսկ պնդումներով, տիրապետում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին, ոչ ոք չի կարող հավատալ, որ այս հարձակումը միտումնավոր չի ծրագրվել։ Այս դպրոցի վրա հարձակումը պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Այն պետք է բացահայտ դատապարտվի, և պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նախարարը։
Արաղչին հավելել է, որ Իրանը երբեք պատերազմի չի ձգտել, բայց վճռականորեն տրամադրված է շարունակել պաշտպանվել և կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել երկրի դեմ հարձակումները։


