
Անհետ կորած զինծառայողի հարազատին էլ է հայհոյել Ալեն Սիմոնյանը․ հարազատն ABC Media-ին մանրամասներ է հայտնել
Դեմիրճյան փողոցում մարտի 26-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին ներկա է եղել նաև անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը, որին ևս հայհոյել է ԱԺ նախագահը։
Նա ABC Media-ի հետ զրույցում պնդում է՝ հավաքված ծնողները որևէ պատգամավորի հետ հանդիպում կազմակերպելու հատուկ դիմում չեն ներկայացրել, սակայն նախապես նամակներ են ուղարկել ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ ներկայացնելով իրենց պահանջները։
«Չեմ կարծում, որ Ազգային ժողովի նախագահը տեղյակ չէր, որ արդեն երրորդ օրն անընդմեջ անհետ կորածների ծնողները հավաքվում են ԱԺ ընդունարանի մոտ։ Մեր պահանջը հստակ է՝ հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նյութերը։ Մենք բազմիցս հանդիպել ենք տարբեր պատգամավորների հետ՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, և որևէ լարվածություն չի եղել։ Բայց հենց Ալեն Սիմոնյանի հետ է առաջացել միջադեպը։ Նա դուրս եկավ թիկնազորով և իր գործողություններով սադրեց իրավիճակը»,- ասաց նա։
Նա նշեց, որ Ալեն Սիմոնյանն այնպիսի բառապաշարով է հայհոյել, որ ինքը որևէ մեկի մոտ կամաչի կրկնել։
«Մենք որևէ մեկի հետ ընդհարում չենք փնտրել։ Մոտեցել ենք միայն խոսելու, հասկանալու յուրաքանչյուր պատգամավորի դիրքորոշումը։ Բայց իրավիճակը լարվեց հենց նրա գործողություններից հետո միայն»,- հավելեց նա։
Երեկ միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև։ Սիմոնյանի՝ ԱԺ ժամանելու պահին նրան են մոտեցել քաղաքացիներն ու առաջարկել զրուցել, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանն ասել է․ «Ոչ, զրուցելու ժամանակ չունեմ, քո հետ զրուցելու չկա, դու արժանի չես»։
Սիմոնյանի նման պատասխանից հետո քաղաքացին հարցրել է՝ ինչո՞ւ եք այդպես վարվում ժողովրդի հետ։
Երկխոսությունը վերածվել է փոխադարձ հայհոյանքների, Ալեն Սիմոնյանը վիրավորել ու հայհոյել է քաղաքացուն ու հրահանգել՝ «հավաքել» նրանց ԱԺ-ի մոտից։
ԱԺ խոսնակի թիկնապահները հրել են քաղաքացիներին ու հեռացրել տարածքից, իսկ ոստիկանները բերման են ենթարկել նրանցից մեկին։ Բերման ենթարկվածը «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանն է եղել։


