
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը Թուրքիայի հետ խաղաց մարտական ոչ-ոքի
Ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի 2-րդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հասակակիցների հետ (1-1). գրում է ArmSport-ը։
«Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին Դավիթ Դավթյանի փոխանցումից հետո բացեց Մայքլ Ասիրյանը՝ առաջ մղելով մեր հավաքականին: Սակայն դեռ առաջին խաղակեսում տանտերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 34-րդ րոպեին աչքի ընկավ Յուսուֆ Քահրամանը:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, և խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով։
Վերջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Ջիբրալթարի ընտրանուն։ Այդ խաղը կկայանա մարտի 30-ին»,- նշում է կայքը:


