27 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են վտանգավոր գոտիներում․ փորձագետ

Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են վտանգավոր գոտիներում․ փորձագետ

Վրաստան-Հայաստան գազամուղի 5․5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխումը ներկայացնել որպես «տեխնիկական հարց» նշանակում է գիտակցաբար նվազեցնել խնդրի իրական խորությունը․ Facebook-ի իր էջում գրում է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը։

«Իրականում սա երկար տարիներ կուտակված, բայց համակարգային մակարդակում չլուծված ռիսկերի դրսևորում է։ Խնդրի ակունքները գալիս են 1990-ականներից, երբ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային այս բարդ հանգույցը վերածվեց ականապատված գոտու։ Այդ ժամանակից ի վեր գազատարի մի հատված փաստացի դուրս է մնացել լիարժեք շահագործման ռեժիմից․ անհնար է ոչ միայն դրա կայուն տեխնիկական սպասարկումը, այլև մշտական վերահսկողությունը:

Այժմ առաջարկվում է կառուցել շուրջ 5548 մետր երկարությամբ նոր հատված՝ վտանգավոր գոտին շրջանցելու համար։ Վրաստանը կառուցում է իր հատվածը, Հայաստանն՝ իր։

Խոսքը մեր էներգետիկ համակարգի ողնաշարի մասին է։ Հայաստանը տարեկան շուրջ 2․3 մլրդ խմ բնական գազ է ստանում Վրաստանի տարածքով՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» երթուղով, որը միանում է «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» գազատարին։ Եվ հենց այս միացման հանգույցում է ձևավորվում այն խոցելիությունը, որը այսօր ստիպում է վերակառուցել լոգիստիկան:

Սահմանազատման գործընթացը այս պատկերը ոչ թե պարզեցրել է, այլ՝ սրել։ Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում, իսկ առանձին հատվածներ՝ փաստացի անցել են հակառակորդի ուղիղ հասանելիության տիրույթ։

Ուշագրավ է նաև, որ նախաձեռնությունը գալիս է Երևանից։ Ստացվում է՝ պետությունը ոչ թե վերացնում է սպառնալիքի աղբյուրը, այլ ադապտացվում է դրան։ Սա արդեն քաղաքական ընտրություն է՝ ռիսկի կառավարում (ժամանակավոր), այ ոչ թե դրա չեզոքացում։

Մի տեսակ չի տեղավորվում խաղաղության հաստատման մասին բանեցվող հռետորական գծի մեջ»,- նշում է նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026