
Սև ծովի անվտանգությունը՝ Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչը․ գրում է Ermenihaber-ը։
«Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առանցքում եղել են Սև ծովի տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ սպառնալիքները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններն ու առաջիկա քաղաքական շփումների օրակարգը և դրանց ժամանակացույցը։
Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 26-ին տեղի ունեցած միջադեպին: Նշվել է, որ Թուրքիայի տարածքային ջրերի հարևանությամբ հարձակման է ենթարկվել թուրքական ընկերությանը պատկանող նավթային տանկեր և, ըստ ռուսական կողմի, հարձակումը իրականացվել է անօդաչու ծովային և օդային միջոցներով։
Հրապարակված տեքստի համաձայն՝ ռուսական կողմը տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են թիրախավորել Կրասնոդարի ափամերձ տարածքում գտնվող կոմպրեսորային կայանները՝ փորձելով վնասել «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների ենթակառուցվածքները։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը ընդգծել է նաև, որ սպասում է Կիևի գործողությունների նկատմամբ հստակ դատապարտման և կարևորել է տարածաշրջանում էներգետիկ մատակարարումների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը»,- նշում է լրատվամիջոցը:


