
Ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին․ Բագրատ Սրբազան
Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. գրել է Բագրատ Սրբազանը։ Հոգևորականի՝ կալանավայրից հղած նամակը ներկայացնում ենք ստորև․
«Օրհնեալ եկեալն անուամբ Տէառն…
Ծաղկազարդ է` Տիրոջ հրաշալի և փառավոր մուտքը Երուսաղեմ: Հրաշալի առիթ է մեզ համար թե՛ անհատապես, և թե՛ անձնապես, և թե՛ հավաքական առումով Ծաղկազարդվելու, նորոգվելու, բացելու մեր սրտերը` որպես հոգևոր Երուսաղեմ` Տիրոջ սրբագործող մուտքի և բնակության համար:
Գիտեք սակայն, որ Ծաղկազարդին հաջորդում է Ավագ կամ Չարչարանաց (չարչարանքների) շաբաթը` ուրացում, դավաճանություն, կեղծ դատավարություն, խաչելություն, բայց և ի վերջո Հարություն և Հաղթանակ:
Այսուհանդերձ, ավելի ճիշտ կլիներ ասել, որ Ծաղկազարդը նախորդում է Չարչարանաց խորհրդին, որը նաև մեր կյանքի արտացոլանքն է. կյանքը միայն Ծաղկազարդ չէ, և ոչ էլ միայն Չարչարանաց խորհուրդ, սակայն նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ:
Մեր Տիրոջ ճանապարհը այդպիսին էր և է, իսկ մերը` ընտրություն` ընթանալ այդ ճանապարհով, թե ոչ:
Մեր Տիրոջ օրհնությունը բոլորիդ հետ լինի, սիրելինե՛ր` մեր կյանքի Ծաղկազարդումի և մեր սրտերում Հիսուսի բնակության և մեր կյանքն առաջնորդելու խորհրդով և շնորհով:
Հիշե՛ք, Ծաղկազարդը խաչելության ճանապարհով Հարության հաղթանակին հասնելու դառը և ճանապարհն է, և այդ հաղթանակն այլընտրանք չունի»։


