29 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբ Դադիվանքն ազատագրվում էր…

Երբ Դադիվանքն ազատագրվում էր…

2015 կամ 2016 թվականն էր։ Կամ՝ ավելի ուշ, հստակ չեմ հիշում։ Քարվաճառի շրջան էին եկել այն ժամանակ գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների համանախագահները։ Ցանկություն ունեին այցելել Դադիվանք։ Շրջանի վարչակազմի ղեկավարության խնդրանքով միացա խմբին՝ անգլերեն խոսող համանախագահների համար թարգմանությունն ապահովելու նպատակով։ Գնացինք Դադիվանք։ Դիվանագետ հյուրերն առանձնապես հարցեր չունեին։ Թարգմանելու շատ բան չկար։ Շատ բան չխոսվեց։ Միայն հասցրի ասել, որ Դադիվանք վանական համալիրում է Քրիստոսի աշակերտներից Դադիի գերեզմանը, որը թվագրվում է առաջին դարով։ Այսինքն, Դադիվանքը տարածաշրջանում առաջին քրիստոնեական վկայություններից է, միգուցե՝ առաջինը։ Հյուրերը գնացին, մենք գնացինք գյուղացիներից մեկի տանը սրճելու։ Դադիվանքի բնակիչները վստահ էին՝ իրենք ապրում են ամենահայկական քրիստոնեական կոթողի հովանու ներքո. Դադիվանք գյուղը եկեղեցական համալիրից ներքև, լանջին էր ծվարած։

Տարիներ անց Քարվաճառի շրջանում արտասահմանցի այլ հյուրեր ունեինք. հիմնականում՝ իտալացիներ, որ հատկապես հետաքրքրված էին տարածաշրջանի քրիստոնեական ժառանգությամբ։ Նորից միացել էի խմբին նույն՝ թարգմանելու նպատակով։ Այս անգամ հյուրերը շատ հարցեր ունեին։ Եկեղեցու քահանան՝ տեր Հովհաննեսը, մանրամասն պատմում էր եկեղեցու պատմությունը, ես՝ մեծ պատասխանատվությամբ թարգմանում։ Հյուրերին ցույց տվեց եկեղեցու պատերից մեկին հատուկ թողած մրոտ փոքրիկ կտորը. ադրբեջանական գերության տարիներին եկեղեցին կեղտոտվել ու մրոտվել էր։ 1993 թվականի մարտի վերջին-ապրիլի սկզբին ազատագրվելուց հետո եկեղեցին մաքրվել էր ու վերանորոգվել, այդ մի փոքր կտորը մնացել էր՝ հիշեցնելու, թե ինչ է լինում, երբ եկեղեցին հայտնվում է գերության մեջ։

Իտալացի հյուրերն անպատմելի տպավորված էին։ Դադիվանքը չքնաղ էր ու վեհ, եկեղեցին շրջապատող լեռները՝ հզոր, անտառները՝ մոգական։ Դադիվանքն աստվածային էներգիա ունի, անկախ անհատի կրոնական զգացմունքներից։

Դադիվանք գյուղը փոքր էր, բնակչությունը մոտավորապես հասնում էր 100-ի։ Ու հյուրընկալ էր։ Շատ հյուրեր էր ընդունում. շատերն էին ցանկանում տեսնել Դադիվանքը։

2020 թվականի նոյեմբերի 6-ին կամ 7-ին Դադիվանքում էինք։ Դեռ չգիտեի, որ վերջին անգամ եմ տեսնում Դադիվանքը։ Գյուղն իր տեղում էր, վանքը՝ նույնքան չքնաղ ու վսեմ։ Քահանան իր տղաների հետ տեղում էր՝ զենքն ուսներից կախ։ Տեղում էին նաև գյուղի կանայք, որ այդ օրերին հաց էին թխում զինվորների համար։ Նոյեմբերի 6-ին կամ 7-ին մեզ էլ չթողեցին առանց հաց ուտելու հեռանալ։ Գյուղի բնակիչները հյուրընկալ էին։

2020 թվականի նոյեմբերի 9-ի ողբերգությունից հետո, երբ շրջանը հանձնելու համար հինգ օր էր տրված, հազարավոր մարդիկ գնացին տեսնելու Դադիվանքը. վերջին, շատերը՝ նաև առաջին անգամ։ Չգիտեմ՝ տեսա՞ն պատերից մեկի վրա թողած փոքրիկ մրոտ կտորը…

1993 թվականի այս օրերին Դադիվանքն ազատագրվում էր առաջին անգամ, որ մուրն ու կեղտը մաքրվեն քրիստոնեական առաջին ու ամենաչքնաղ կոթողից…

Թամարա Գրիգորյան

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026