
Դոնի Ռոստովում մարդիկ դուրս են եկել հանրահավաքի՝ ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Դոնի Ռոստովում հանրահավաք է անցկացվել՝ Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին համերաշխություն հայտնելու նպատակով․ գրում է mk.ru-ն։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցել է մոտ 1500 մարդ։
Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Հարութ Տերտերյանը հայտնել է, որ հայ համայնքի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ներկայիս իրադարձությունները որակելով որպես ճնշում եկեղեցական կառույցների վրա։
Նա ընդգծել է, որ հատկապես կարևոր է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներն աջակցություն ցուցաբերեն հավատացյալներին ստեղծված իրավիճակում։
«Կարելի է վստահորեն ասել, որ Հայ առաքելական եկեղեցուն ուղղված աջակցության հանրահավաքը հաջողված էր։ Նշանակալի է նաև, որ այն տեղի է ունեցել Ծաղկազարդի օրը»,- նշել է Տերտերյանը։
Հոգևորականը նաև հիշել է Հայաստանում 4 արքեպիսկոպոսների ձերբակալության մասին։ Տերտերյանն ընդգծել է, որ միջոցառումն անցկացվել է առանց քաղաքական կարգախոսների։ Հանրահավաքում ելույթ են ունեցել տեղական պատգամավորներ, հոգևորականության ներկայացուցիչներ:
«Յուրաքանչյուր ելույթ ունեցող իր աջակցությունն է հայտնել Հայաստանի շարքային քաղաքացիներին և Հայ առաքելական եկեղեցու բոլոր հետևորդներին»,- հավելել է նա:


