
Իտալիայի թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի՝ մի քանի միլիոն եվրո արժողությամբ նկարները
Իտալիայում Պարմա քաղաքի մերձակայքում գտնվող Մանյանի-Ռոկա հիմնադրամից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի մի քանի միլիոն եվրո արժողությամբ նկարները: Տեղական ոստիկանության տվյալներով՝ մասնավոր թանգարանի կողոպուտը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ մարտի 22-ի լույս 23-ի գիշերը․ գրում է BBC-ն։
Գողացված աշխատանքների թվում են Պիեռ-Օգյուստ Ռենուարի «Ձկները», Պոլ Սեզանի «Նատյուրմորտ՝ բալերով» և Անրի Մատիսի «Օդալիսկան տեռասի վրա» կտավները։
Ոստիկանության տվյալներով՝ գողերը չորսն են եղել: Դիմակավորված հանցագործները կոտրել են մուտքի դուռը, մտել առաջին հարկի սենյակներից մեկը և տարել գլուխգործոցները թանգարանի այգու միջով։
Ամբողջ գործողությունը տևել է 3 րոպեից էլ պակաս և, ըստ իրավապահ մարմինների, լավ պլանավորված և կազմակերպված է եղել: Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ գողերը, ըստ երևույթին, վախեցել են գողության ազդանշանից. նրանք ներսում թողել են 4-րդ նկարը, որը ենթադրաբար պատրաստվում էին ևս գողանալ։
Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է թանգարանի և հարևան շենքերի տեսախցիկների ձայնագրությունները։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին գողերը ցերեկը ներխուժել էին Փարիզի Լուվր և գողացել 100 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։ Այդ ժամանակվանից ի վեր մի քանի կասկածյալներ ձերբակալվել են, բայց գողացված իրերի գտնվելու վայրն անհայտ է։


