
Իսլանդիան ու Նորվեգիան ձգտում են միանալ ԵՄ-ին՝ անվտանգության նկատառումներով․ Politico
Իսլանդիան ու Նորվեգիան, որոնք նախկինում մերժում էին Եվրամիությանն անդամակցությունը, այժմ ձգտում են միանալ դաշինքին՝ անվտանգության նկատառումներով։ Հիմնական խթանը Դոնալդ Թրամփի վերադարձն է ԱՄՆ նախագահի պաշտոնին 2025 թվականին․ հաղորդում է Politico-ն։
Դիվանագետների խոսքով՝ ԱՄՆ նախագահի՝ ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, Գրենլանդիան բռնակցելու սպառնալիքները և ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ նրա հռետորաբանությունը երկրներին ավելի են մոտեցրել Բրյուսելին։
Իսլանդիան արդեն արագացրել է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու հանրաքվեի անցկացման ժամկետները։
«Մենք ավելի ուժեղ կլինենք նման մտածողությամբ երկրների ավելի մեծ խմբում, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունը, ազատությունը և մարդու իրավունքները», – նշել է Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդուր Կատրին Գունարսդոտիրը։
Իր հերթին՝ Նորվեգիայի պահպանողական առաջնորդ Ինե Էրիկսեն Սյորեյդեն նշել է, որ ԵՄ անդամակցությունն այժմ կարևոր է երկրի համար այլ պատճառներով։
«ՆԱՏՕ-ն ունի գործիքների մի հավաքածու, ԵՄ-ն՝ մեկ այլ… Ահա թե ինչու ԵՄ-ին անդամակցությունը կարևոր է անվտանգության տեսանկյունից Նորվեգիայի նման երկրի համար… Մենք հասել ենք վճռորոշ պահի, երբ ԵՄ-ին անդամակցությունն այժմ մեզ համար այլ կերպ է կարևորվում, քան նախկինում»,- բացատրել է նա։
Նշվում է, որ չնայած նորվեգացիների մեծամասնությունը դեռևս չի աջակցում ԵՄ-ին անդամակցությանը, վերջին 18 ամիսների ընթացքում կողմնակիցների թիվն աճել է։
ԵՄ-ի ներկայիս անդամների համար ավելի հարուստ սկանդինավյան երկրներին ակումբ ընդունելն ավելի գրավիչ է, քան Արևելքից աղքատ երկրների ևս մի խումբ ընդունելը։ Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի կամ Սերբիայի, Իսլանդիան ու Նորվեգիան գրեթե 80%-ով պատրաստ են ինտեգրման։


