
Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարել է, թե 1918-ի իրադարձությունները պետք է ճանաչվեն որպես «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն»
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով 1918թ.-ի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրա՝ պատմության տարբեր փուլերում ադրբեջանցիները, իբր, ենթարկվել են «էթնիկ զտումների և ցեղասպանության» հայերի կողմից։
«Ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանական հանցագործությունների միջազգային ճանաչումը, ինչպես նաև արդարադատության վերականգնումը կարևոր են մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված համակարգված «էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ» և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն»», – նշել է Սաբինա Ալիևան։
Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների վերջին դեպքը տեղի է ունեցել 2023-ին, Արցախում։ Դրան նախորդել էր Արցախի Հանրապետության 9-ամսյա ամբողջական շրջափակումը, որն ուղեկցվել է մարդկանց առևանգումներով, ֆիզիկական և հոգեբանական հալածանքով, բնակչությանը մասսայական սովի հարկադրելով։


