30 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սբ Աննա եկեղեցու բակից ձերբակալվածների հետ

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սբ Աննա եկեղեցու բակից ձերբակալվածների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով․ այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։

Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող, ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։

Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026