
Կասկած չկա, որ Ալիևը Փաշինյանի հայտարարությունից հետո սկսելու է գործողություններ ՀՀ ներքին գործընթացներին միջամտելու համար․ Սուրեն Սուրենյանց
Խաղաղության մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Բաքվում ունենք գերիներ։ Նույնիսկ երկրի ներսում ընդդիմության ու իշխանության հաշտեցումը քաղբանտարկյալների ազատ արձակմամբ է լինում․ այսօր «ՀՀ անվտանգային, պաշտպանական ու իրավական ոլորտների մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Խաղաղության մասին խոսք չի կարող լինել, երբ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է օկուպացիայի տակ։ Խաղաղության մասին խոսք չի կարող լինել, երբ Ադրբեջանը շարունակական պահանջներ ունի»,-նշեց Սուրենյանցը։
Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, ստեղծում է տպավորություն, թե Ալիևը պատրաստակամ է վազելով ստորագրել խաղաղության փաստաթուղթը․ «Բայց Ալիևը ներկա աշխարհաքաղաքական իրադրությունում նման մտադրություն չունի»։
Նրա խոսքով՝ Իրանի շուրջ զարգացող իրադարձություններից մեկի դեպքում ուղղակիորեն կասկածի տակ է դրվելու Հայաստանի ինքնիշխանությունը։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ իր չընտրվելու դեպքում պատերազմ է լինելու։ Կասկած չկա, որ Ալիևն այս հայտարարությունից հետո սկսելու է գործողություններ Հայաստանի ներքին գործընթացներին միջամտելու համար։ Նիկոլ Փաշինյանի գերնպատակը երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելն է։ Նա Ռուսաստանից անջատվելուց հետո Հայաստանը չի տանում դեպի կոմֆորտ Եվրոպա, այլ տանում է դեպի Թուրքիա»,- ասաց նա։


