«ՏաԹևեր» ճոպանուղին դարձել է World Travel Awards-ի դափնեկիր
Զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակի՝ World
Travel Awards-ի դափնեկիրն այս տարի «ՏաԹևեր» ճոպանուղին է դարձել։ Մրցույթը տեղի
է ունեցել դեկտեմբերի 1-ին, Դուբայում, World Travel Awards-ի 30-րդ մրցանակաբաշխությունը։
Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին
տեղն է զբաղեցրել «ՏաԹևեր»-ը:
Արարողության ժամանակ պատվավոր մրցանակն ստացել է Դավիթ Վարդանյանը՝
«ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին: Այս մրցանակաբաշխությունը հաճախ
անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Իր հիմնադրման օրվանից՝ 1933 թվականից ի վեր այն
եղել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ:
«ՏաԹևեր» ճոպանուղին արդեն 2-րդ անգամ է ճանաչվել աշխարհի լավագույն ճոպանուղի. 1-ին
մրցանակն այս նախագիծը Հայաստանին բերել էր 2021 թ-ին:
«Հայրս իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն: Նա իրականացրել
է բազմաթիվ բարեգործական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր,
որոնք փոխել են մարդկանց կյանքի որակը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դեպի
միջնադարյան հրաշալի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար՝ «ՏաԹևեր» ճոպանուղու
նախագիծը դրա վառ օրինակներից է: Այն մեծ ազդեցություն է ունեցել ինչպես տարածաշրջանի
զարգացման վրա՝ դարձնելով այն զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ, այնպես էլ զգալիորեն
բարելավել է տեղի բնակչության կյանքի որակը: Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց,
ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են
Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ
մրցանակը նա անձամբ կստանա»,- ասել է Դավիթ Վարդանյանը: