
Հյուսիսային Կիպրոսի կլինիկաները բրիտանացի ընտանիքների համար սխալ սերմով արտամարմնային բեղմնավորում են իրականացրել
«Ջեյմսի ծնվելուց հետո շատ շուտ հասկացա, որ ինչ-որ բան այն չէ»,- նշում է Լորան։
Նա և իր զուգընկեր Բեթն ունեն երկու երեխա՝ Ջեյմսը և նրանց ավագ դուստր Քեյթը, ովքեր երկուսն էլ բեղմնավորվել են արտամարմնային բեղմնավորման միջոցով՝ Հյուսիսային Կիպրոսի կլինիկայում:
Երկու կանայք օգտագործել են սեփական ձվաբջիջները և զգուշորեն ընտրել են մեկ անանուն, առողջ սերմնահեղուկի դոնոր։ Նրանք կլինիկային պատվիրել են, որ երկու երեխաների համար էլ օգտագործվի նույն դոնորը, որպեսզի իրենց երեխաները կենսաբանորեն ազգական լինեն։
Սակայն, երբ Ջեյմսը ծնվել է, նրանք նկատել են, որ երեխայի «գեղեցիկ» շագանակագույն աչքերը շատ տարբեր էին իր կենսաբանական մոր՝ Բեթի և ընտանիքի կողմից պատվիրված սերմնահեղուկի դոնորի աչքերից։ Դա կասկած է առաջացրել նրա ծնողների մոտ. «Մեր կլինիկան սխալվե՞լ է»։
Մոտ մեկ տասնամյակ անհանգստանալուց հետո Բեթն ու Լորան որոշել են, որ իրենց երեխաները պետք է ԴՆԹ թեստ հանձնեն։ Արդյունքները ցույց տվեցին, որ երեխաներից ոչ մեկն ազգական չէր այն սերմնահեղուկի դոնորի հետ, որին ընտրել էին իրենց ծնողները։ Ավելին, ապացույցները ենթադրում էին, որ երեխաները նույնիսկ միմյանց հետ ազգական չէին։
BBC News-ը զրուցել է յոթ ընտանիքի հետ, որոնք կարծում են, որ արտամարմնային բեղմնավորման ժամանակ սխալ սերմնահեղուկի կամ ձվաբջջի դոնորներ են օգտագործվել: Այս ընտանիքների մեծ մասը ԴՆԹ թեստեր է անցկացրել, որոնք հաստատում են նրանց վախերը: Բոլոր դեպքերը կապված են Հյուսիսային Կիպրոսի կլինիկաների հետ՝ մի տարածք, որտեղ Եվրամիության օրենքները չեն կիրառվում, և որը օրինականորեն ճանաչվում է միայն Թուրքիայի կողմից:
Մասնագետների խոսքով՝ Հյուսիսային Կիպրոսը դարձել է արտասահմանում բեղմնավորման բուժում փնտրող բրիտանացիների համար ամենատարածված վայրերից մեկը: Կլինիկաները թույլ իրավական կարգավորում ունեն և խոստանում են ցածր գներ ու հաջողության բարձր մակարդակ:
Նրանք հպարտանում են աշխարհի տարբեր ծայրերից անանուն ձվաբջջի և սերմնահեղուկի դոնորների լայն տեսականիով, ինչը նրանց հատկապես գրավիչ է դարձնում բեղմնավորման խնդիրներ ունեցող մարդկանց, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կամ միայնակ մարդկանց համար, ովքեր կարող են չունենալ նման ընտրություն իրենց երկրներում:
Սոցիալական ցանցերում կան բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ հույսով լի ծնողները կիսվում են իրենց դրական փորձով:
Հյուսիսային Կիպրոսում զույգի անպտղության բուժումը, ներառյալ դեղորայքը, հյուրանոցները և ավիատոմսերն, ընդհանուր առմամբ, արժեցել է մոտ 16,000 ֆունտ ստեռլինգ, իսկ սերմը՝ 2,000 ֆունտ ստեռլինգ։


