31 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Եվրատեսիլ»-ը սկսում է մրցույթի ասիական տարբերակը

«Եվրատեսիլ»-ը սկսում է մրցույթի ասիական տարբերակը

Իր պատմության մեջ առաջին անգամ «Եվրատեսիլ»-ը մեկնարկում է մրցույթի ասիական տարբերակը։ Տասը երկիր արդեն հայտարարել է իր մասնակցության մասին, իսկ եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերին Թաիլանդումգրում է BBC-ն։

«Նշելով «Եվրատեսիլ»-ի 70-ամյակը՝ հատկապես կարևոր է այս նոր գլուխը սկսել Ասիայի հետ՝ տարածաշրջան, որը հարուստ է մշակույթով, ստեղծագործականությամբ և տաղանդով։ Խոսքը «Եվրատեսիլ»-ի զարգացման մասին է Ասիայի հետ՝ ստեղծելու մի նախագիծ, որն արտացոլում է տարածաշրջանի ձայները, ինքնությունը և հավակնությունները՝ միաժամանակ հավատարիմ մնալով այն բանին, ինչը միշտ էլ մրցույթը դարձրել է յուրահատուկ», – նշել է մրցույթի տնօրեն Մարտին Գրինը։

Տասը երկիր արդեն հայտարարել է իր մասնակցության մասին՝ Հարավային Կորեան, Բութանը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Բանգլադեշը, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Նեպալը և Վիետնամը։ Կազմակերպիչները խոստանում են, որ ցուցակը կշարունակի աճել։

Առաջիկա ամիսներին յուրաքանչյուր մասնակից երկիր կընտրի իր ներկայացուցչին ազգային ընտրությունների միջոցով, ինչպես ավանդաբար լինում է «Եվրատեսիլ»-ի գլխավոր մրցույթում։

Ինչպես սկզբնական մրցույթում, հաղթողները կընտրվեն ինչպես պրոֆեսիոնալ մասնագետների, այնպես էլ հեռուստադիտողների կողմից։

Մրցույթը կհեռարձակվի մասնակից երկրների հեռուստաալիքներով, սակայն գլխավոր հեռարձակողը կլինի Թաիլանդի Channel 3-ը, որը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի եզրափակիչը Բանգկոկում:

Կազմակերպիչները նշում են, որ մասնակից ասիական երկրների բնակչությունը կազմում է ավելի քան 600 միլիոն մարդ, սակայն Ասիայում դեռևս չկա «համեմատելի համատարածաշրջանային հարթակ»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026