
Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է․ Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան հետաքրքրված է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) զարգացմամբ, և այն դիտարկում է որպես տարածաշրջանում համագործակցության կարևոր ոլորտ․ լրագրողների հետ զրույցում նշել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միշչենկոն։
Նրա խոսքով՝ գլոբալ տրանսպորտային երթուղիները ներկայում փոխվում են։ Տրանսպորտի և լոգիստիկայի առումով Ուկրաինան Սև ծովից Կասպից ծով տանող երթուղին համարում է առանցքային։
«Այս երթուղու վերագործարկումը ներկայում քննարկվում է: Նպատակն է վերականգնել Սև ծովից Կասպից ծովով, այնուհետև Ղազախստանով դեպի Չինաստան տանող տրանսպորտային երթուղին»,- ասել է նա։
Միշչենկոն ընդգծել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի աջակցությունը:
«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք շնորհակալ ենք նրա նշանակալի օգնության համար՝ հատկապես ձմռանը», – ընդգծել է փոխնախարարը։
Խոսելով Կիևի և Բաքվի հարաբերությունների մասին՝ Միշչենկոն ընդգծել է դրանց ռազմավարական բնույթը:


