
Ինչո՞ւ են մերժել Քառօրյա պատերազմի հուշ-երեկոյի համար բեմ հատկացնել․ մեկնաբանում են քաղաքապետարանից
Երգիչ Արման Կարապետյանը (Facebook-ում գրանցված «Աշուղ Արմանի» անունով) սոցցանցում գրել է, որ քաղաքապետարանը մերժել է դիմումը, որով խնդրել էր անհատույց դահլիճ տրամադրել Ապրիլյան պատերազմի տասնամյա տարելիցին նվիրված համերգ-հերոսապատման համար։
«Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, մնայուն են միայն մարդկային բարձր արժանիքներն ու արված գործերը»,- նշել է նա։
ABC Media-ին քաղաքապետարանից հայտնեցին, որ Արման Կարապետյանի դիմումն ուղղված է եղել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնին, իսկ թատրոնի բեմ ու դահլիճը տրամադրելու մերժումը պայմանավորված է եղել դահլիճի` այդ օրերին զբաղված լինելու հանգամանքով։ «Նախապես պլանավորված ներկայացումներ ու փորձեր կան՝ տարբեր ժամերի, ու դրանք չեղարկել չէր լինի»,- պարզաբանեցին քաղաքապետարանից։


