01 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղմուկ հանած ֆիլմի ժամկետները խախտվե՞լ են, թե՞ ոչ․ Հանրայինի տնօրենն ու ֆիլմի հեղինակը հակադիր պնդումներ են անում

Աղմուկ հանած ֆիլմի ժամկետները խախտվե՞լ են, թե՞ ոչ․ Հանրայինի տնօրենն ու ֆիլմի հեղինակը հակադիր պնդումներ են անում

Որևէ ֆիլմ չի արգելվել, ու խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու․ անդրադառնալով աղմուկ հանած «Անկախության մեր ճանապարհ» ֆիլմը ցուցադրել-չցուցադրելուն՝ Facebook-ի իր էջում գրել է Հանրային ՀԸ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ և նույնիսկ ֆիքսվել է եթերի օր։ Սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում։

Չնայած դրան՝ որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաև, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ։

Տհաճ է, երբ այս պարզ իրավական հարցը ներկայացվում է որպես «արգելված ֆիլմի» պատմություն և զուգահեռաբար հնչում են անհարկի վիրավորանքներ»,- նշել է Հանրայինի տնօրենը։

Հարցին անդրադարձել է նաև Պասկևիչյանը՝ սոցցանցի իր էջում գրելով, որ եթե խախտել է պայմանագրի ժամկետը, ինչո՞ւ տույժ-տուգանք չի կիրառվել, և ինչո՞ւ է ևս 60 օրով երակարացվել պայմանագիրը։

«Արդյո՞ք մեկանգամյա ցուցադրության համար է պատվիրվել ֆիլմը։ Կարո՞ղ էր այն ցուցադրվել 2021, 2022, 2023, 2024, 2025, 2026 թվականներին։ Եվ արդյո՞ք մեկանգամյա ցուցադրության համար 4.2 միլիոն դրամը չափազանց մեծ գումար չէ ու քաղաքացիների վճարած հարկերի վատնում։

Ինչո՞ւ է հանրայինն ընդունման-հանձնման ակտով ընդունել աշխատանքը, չէ՞ որ, իբրև թե, խախտել էի ժամկետը։

Մի՞թե ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությանն այսքան տարի չի հետաքրքրել, թե ինչու է 4.2 միլիոն արժեցող 58 րոպեանոց ֆիլմը դրվել դարակում ու չի օգտագործվել։ Նույն ֆիննախը, որը հաղորդումների ու ֆիլմերի տեւողությունները քանոնով է չափում ու համեմատում ծախսերի հետ։

Եթե այս հարցերին ողջամիտ, համոզիչ պատասխան չտրվի, հանրությունը շարունակելու է մտածել, որ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրությունը կասեցվել է վերևից իջեցված հրահանգով, և որ սա գրաքննություն է»,- հրապարակային հարցեր է առաջադրել Պասկևիչյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026