
«Բոլորն ունեն մտածելու բան», երբ քաղաքականապես կողմնակալ որոշումները սկսում են ազդել միջուկային էներգետիկ հարցերի վրա․ Օվերչուկը՝ Մեծամորի ատոմակայանի մասին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է Հայաստանին, որ Ռուսաստանը հետևում է Մեծամորի ատոմակայանի շուրջ զարգացումներին։
«Մենք չենք կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման և այս երկրում ատոմային էներգիայի ապագայի շուրջ զարգացումները»,- նշել է Օվերչուկը ТАСС-ի հետ զրույցում։
«Երբ մեզ հարցրին էլեկտրաէներգետիկ ընկերության բռնագրավման պատճառների մասին, մեզ պատասխանեցին, որ Հայաստանում մարդիկ դժգոհ են վատ սպասարկումից։ Արդյոք դա ճի՞շտ է, թե՞ ոչ, Հայաստանի ներքին գործն է»,- նշել է փոխվարչապետը։ Նա նաև հավելել է. «Անկախ այս իրադարձությունների հիմքում ընկած պատճառներից և ով էլ լինի ռուս ներդրողը, սեփականության իրավունքը առաջնային է. դրանք ընկած են բոլոր հարաբերությունների հիմքում։ Պետության կողմից մասնավոր սեփականության բռնագրավումը Հայաստանը չի դարձնում ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար»։
Նրա կարծիքով՝ «անկախ ազգությունից, ներդրողները հիմա կհասկանան, որ եթե դա մեկ անգամ պատահել է իրենցից մեկի հետ, ապա չկա երաշխիք, որ դա չի պատահի մյուսների հետ»։ Օվերչուկը հավելել է, որ «այն փաստը, որ ընկերությունն ինքնին ռուսական չէր, միայն ամրապնդում է ներդրողների մտահոգությունները»։
«Հետևաբար, նրանք երկրի ներդրումային ռիսկերը կգնահատեն ավելի բարձր, ակտիվների արժեքը Հայաստանում կլինի ավելի ցածր, քան կարող էր լինել, և գործարարների ցանկությունը՝ հնարավորինս կարճ ժամանակում շահույթը մեծացնելու, ավելի բարձր կլինի։ Սա շուկայական տնտեսության տրամաբանությունն է։ Ի վերջո, սրանք հայ ձեռնարկատերերի և սպառողների ներքին խնդիրներն են»,- ընդգծել Օվերչուկը։
Նա հավելել է, որ «Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանում ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվականը, բայց Երևանը ընտրում է «եվրոպական վեկտորը»՝ նախընտրելով ոչ կոմպետենտ եվրոպացի կապալառուներին։
Նա նշել է, որ ատոմակայանը նախատեսված է շահագործել մինչև 2026 թվականի աշունը, «սակայն ավարտվում են նախապատրաստական աշխատանքները դրա շահագործումը մինչև 2031 թվականի աշունը երկարաձգելու համար»։
«Դա կարվի։ Մեր մասնագետները կարծում են, որ դրա շահագործումը կարող է երկարաձգվել մինչև 2036 թվականը, բայց պետք է պահպանվեն որոշակի պայմաններ», – նշել է Օվերչուկը։ «Ներկայումս, որպես Հայաստանի եվրոպական զարգացման վեկտորի մաս, երկարաձգման պայմանագրային աշխատանքների մեծ մասը շնորհվում է եվրոպացի կապալառուներին, որոնք չունեն վտանգավոր սեյսմիկ գոտիներում աշխատելու փորձ և չեն անհանգստանում կայանի գլխավոր նախագծողի հետ համակարգելու համար»։
Այսպիսով, ըստ Ռուսաստանի փոխվարչապետի, «բոլորն ունեն մտածելու բան», երբ «քաղաքականապես կողմնակալ որոշումները սկսում են ազդել միջուկային էներգիայի արտադրության տեխնոլոգիաների վրա»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավասարը չունի միջուկային օբյեկտների կառուցման գործում, և եթե Հայաստանը արդար ընտրություն կատարեր, ռուս միջուկային գիտնականները մրցակիցներ չէին ունենա։
«Մենք ներկայումս քննարկում ենք գործող ատոմակայանի ծառայության ժամկետը երկարաձգելու և ապագայում նոր էներգաբլոկներ կառուցելու հարցը։ Մենք վստահ ենք, որ եթե ընտրության գործընթացն արդար լինի, ռուսական ատոմային էներգետիկ ընկերությունները մրցակցություն չեն ունենա։ Ռուսաստանը ներկայումս ինը երկրներում կառուցում է 26 մեծ հզորության և երկու փոքր հզորության էներգաբլոկ, որոնց պատվերների ընդհանուր ծավալը կազմում է 127 միլիարդ դոլար։ Բացի այդ՝ Ռուսաստանում կառուցվում է ևս 14 էներգաբլոկ։ Սա շատ մեծ միջազգային բիզնես է, և մեր երկիրը հավասարը չունի», – նշել նա։
«Հայաստանը հետաքրքրություն է հայտնել փոքր հզորության մոդուլային էներգաբլոկների նկատմամբ, բայց աշխարհում ոչ ոք, բացի «Ռոսատոմից», ներկայումս չունի դրանք կառուցելու և շահագործելու տեխնոլոգիա։ Հայաստանի ատոմային արդյունաբերությունն աշխատում է բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ, և նրանք լավ գիտակցում են դա»,- ընդգծեց Օվերչուկը։


