
Բրազիլիայում բաժանված զույգերը կկարողանան համատեղ խնամակալություն ստանալ իրենց ընտանի կենդանիների նկատմամբ
Բրազիլիայում, նոր օրենքի համաձայն, բաժանված զույգերը կկարողանան համատեղ խնամակալություն ստանալ իրենց ընտանի կենդանիների նկատմամբ․ գրում է BBC-ն։
Նոր օրենքի համաձայն, եթե զույգը բաժանվում է առանց իրենց ընտանի կենդանու վերաբերյալ համաձայնության գալու, «դատավորը կորոշի կենդանու համատեղ խնամակալության կարգը և կողմերի միջև կենդանու պահման ծախսերի հավասար բաշխումը»։
Ըստ Instituto Pet Brasil-ի՝ ներկայում 213 միլիոն բնակչություն ունեցող երկրում կա մոտ 160 միլիոն ընտանի կենդանի։
Նշվում է՝ որպեսզի օրենքը կիրառություն ունենա, կենդանին պետք է իր կյանքի մեծ մասն անցկացած լինի բաժանվող զույգի հետ։
Համատեղ խնամակալություն չի տրամադրվի այն զույգերին, որոնք ունեցել են քրեական անցյալ կամ ներգրավված են եղել ընտանեկան բռնության գործերում։
Նշվում է, որ քիչ երեխաներ ունեցող զույգերը հակված են ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ իրենց կենդանիների հետ, որոնց «հաճախ համարում են ընտանիքի իսկական անդամներ»։


