
Փաշինյանը 32 տարեկանում է մկրտվել, իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել, արդյո՞ք նա Եկեղեցու «բարեփոխիչ» կարող է լինել. Արա Զոհրաբյան
Եկեղեցու դեմ իշխանության իրականացրածը թուրք-ադրբեջանական օրակարգ է. «Պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների ներկա վիճակի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ սկսված արշավը քաղաքական շահույթ բերող նախաձեռնություն չէ, հատկապես ընտրություններից մեկ տարի առաջ։ Զոհրաբյանի բնութագրմամբ՝ եկեղեցին հայի ինքնության պահպանման կարևոր պահապանն է և Հայաստանն ու Սփյուռքի կապող օղակը, ինչը «նյարդայնացնում է թուրք-ադրբեջանական ուժերին»։
Փաստաբանը կասկածի տակ դրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես եկեղեցու «բարեփոխիչ» ներկայացող կերպարը.«Այս անձը մկրտվել է 2007 թվականին՝ 32 տարեկան հասակում, իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել: Արդյո՞ք Փաշինյանն այն բարի հովիվն է, որ ուզում է եկեղեցին բարեփոխել, թե՞ նա այն անձն է, որ ուզում է այդ պատրվակով ներս մտնել և քանդել եկեղեցին»,- ասել է փաստաբանը։
Զոհրաբյանն ընդգծել է նաև, որ արշավն ուղղված է ոչ թե կաթողիկոսի, այլ ամբողջ եկեղեցու դեմ. «Կաթողիկոսն իրականում զուտ օգտագործվում է մարդկանց մոլորեցնելու համար»։ Որպես ապացույց՝ նա հիշեցրեց հայ եկեղեցու պատմության առարկայի կրթական ծրագրից հանելը, հոգևոր ծառայության վերացումը և հոգևորականների հալածանքները։
Իրավական տեսանկյունից փաստաբանը հավելեց, որ ինչպես ՀՀ ներպետական օրենսդրությունը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արգելում են պետությանը խառնվել եկեղեցու ներքին գործերին։


