02 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավ հիշեք այս անունները. փաստաբանը հրապարակեց Եկեղեցու դեմ գործած քննիչների ու դատավորների ցուցակը

Լավ հիշեք այս անունները. փաստաբանը հրապարակեց Եկեղեցու դեմ գործած քննիչների ու դատավորների ցուցակը

«Պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների ներկա վիճակի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հրապարակեց այն քննիչների, դատախազների և դատավորների անունները, որոնք, իր բնութագրմամբ, ներգրավված են եղել Հայ Առաքելական եկեղեցու դեմ ծավալված գործընթացներում։

Փաստաբանը նշեց, որ թվարկված անձինք «ի հակադրություն սահմանադրությամբ իրենց վստահված պետաիշխանական լիազորությունների, թաթախվել են իշխանությունների սանձաձերծած պատերազմի մեջ՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու»։

Խուդոյանը նշեց Միքայել սրբազանի գործով քննիչ Վաչե Մխիթարյանին, դատախազներ Սաշիկ Ավետիսյանին, Արման Բաղդասարյանին և Արգամ Դալլաքյանին, Արագածոտնի թեմի գործերով մի շարք քննիչների, նաև Բագրատ Սրբազանի և «17 արդարների» գործով քննիչ Գրիգոր Մնոյանին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Արագածոտնի թեմի գործով քննիչ Նազելի Սարգսյանին, ով նույն օրը թեմի բոլոր քահանաներին նույն ժամին կանչել է հարցաքննության։

«Բնականաբար նույնիսկ ձևական պատրանք չեն փորձել ստեղծել, որ բաժնի բոլոր քննիչներն են ցանկանում անձանց հարցաքննել մի օրում»,- ընդգծեց փաստաբանը։

Դատավորների շարքում Խուդոյանը հիշատակեց նաև Կարեն Ֆարխոյանին և Մասիս Մելքոնյանին, որոնք, նրա խոսքով, «աչք չեն փակում» ապօրինի մեղադրանքներով արքեպիսկոպոսների նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու հարցում, նաև բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանին, ով որոշել է, որ պետք է սահմանի հայ առաքելական եկեղեցու կանոնական հարցերի կարգավորումները։

«Մեր հանրությանը առաջարկում եմ լավ հիշել այս անունները և համապատասխան վերաբերմունք դրսևորել այս անձանց նկատմամբ»,-նշեց փաստաբանը և հստակեցրեց, որ խոսքը ոչ թե ատելության խոսքի, բռնության կամ վիրավորանքի մասին է, այլ՝ հասարակական հիշողության։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026