
Փարիզի ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները՝ ամերիկյան բանկի դեմ հարձակման փորձից հետո
Փարիզի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգային միջոցառումները՝ Bank of America-ի գրասենյակների դեմ կանխված ռումբային հարձակումից հետո․ գրում է Reuters գործակալությունը։
Հարձակման փորձից հետո Ֆրանսիայում և Գերմանիայում գտնվող որոշ այլ ամերիկյան բանկեր իրենց աշխատակիցներին թույլ են տվել հինգշաբթի աշխատել հեռավար։
Նշելով, որ առկա է «ահաբեկչական սպառնալիք»՝ Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ ուժեղացրել է պաշտպանությունը հատկապես կրոնական և մշակութային վայրերի, դիվանագիտական շենքերի և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող որոշ վայրերի շուրջ:
Անցյալ շաբաթ տեղի ունեցած հարձակման փորձին մասնակցության համար հետաքննվում է 4 կասկածյալ, այդ թվում՝ 3 դեռահաս և 1 չափահաս։ Մեծահասակը կասկածվում է դեռահասներին հավաքագրելու և 500-1000 եվրո վճարելու համար․ նրանցից ակնկալվում էր ռումբը տեղադրել և գործողությունը տեսանկարահանել։
Նախնական կալանքի տակ գտնվող 4 անձն էլ հերքում են ահաբեկչական մտադրություն ունենալու մեղադրանքը։


