
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն իր սաներից լուրջ ակնկալիքներ ունի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք առաջնությունում իր սաներից լուրջ ակնկալիքներ ունի. գրում է «Արմենպրես»-ը։
«Սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է, որը կավարտվի ու ապրիլի 16-ին կմեկնենք Բաթումի: Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես որ նախորդ տարի էր: Ուսումնամարզական հավաքներն անցել ենք շատ նորմալ, չկան վնասվածքներ: Ամենակարևորն է, որ մարզիկները մրցաշարին մասնակցեն իրենց հնարավորությունների առավելագույնով: Մենք մեդալների շանսը երբեք բաց չենք թողնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ներսիսյանը:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանի կարծիքով` այժմ թիմում միասնական ոգի կա ու թիմը մեծ սպասելիքներ ունի Եվրոպայի առաջնությունից:
«Հույսերս շատ մեծ են, կարծում եմ հնարավոր կլինի լավագույնս մասնակցել ու մեդալ նվաճել: Մենք ամբողջ թիմում միմյանց կողքի ենք լինում, թե դժվար պահերին, թե նվաճումների ժամանակ: Լիահույս եմ, որ բոլորիս կհաջողվի մեդալ նվաճել»,-առանձնացրեց նա:


