
Կին քաղաքական գործիչը հեռացվել է կուսակցությունից՝ լուսանկարը խմբագրելու պատճառով
Նիդեռլանդներում մի կին հեռացվել է քաղաքական կուսակցությունից՝ իր լուսանկարը խմբագրելու համար․ գրում է Oddity Central-ը։
Ռոտերդամում սկանդալ է հասունացել 59-ամյա քաղաքային խորհրդական Պատրիսիա Ռեյխմանի շուրջ, ով արհեստական բանականություն է օգտագործել իր պաշտոնական լուսանկարը խմբագրելու համար։
Տեղական Leefbaar Rotterdam կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա իր տարիքից զգալիորեն երիտասարդ է թվում։
Ռեյխմանը ինքը պնդում էր, որ առցանց գործիքի միջոցով միայն «բարելավել է պատկերի որակը»։ Նրա խոսքով՝ արտաքին տեսքի փոփոխությունները պայմանավորված են դեղորայք ընդունելով, և լուսանկարը պատկանում է իրեն։
Չնայած դրան, նրա հասցեին քննադատությունները սրվել են։ Կուսակցությունը ընդունել է, որ պատկերը էականորեն փոփոխվել է և չի արտացոլում իրականությունը։ Ղեկավարությունը հայտարարել է, որ դա վստահության խախտում է և պահանջել է, որ նա հրաժարական տա։
Ռեյխմանը հրաժարվել է կամավոր հեռանալ, որից հետո կուսակցությունը որոշել է նրան հեռացնել։


