
«Լույս գերեզմանի»․ Բագրատ Սրբազանը Հարության տոնին նվիրված բանաստեղծություն է գրել
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ճրագալույցի գիշերը կալանավայրում «Լույս գերեզմանի» վերտառությամբ բանաստեղծություն է գրել։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Լույսի մի շողիկ, մի փոքրիկ լուսնիկ
Ինձ այցի եկավ:
Այնքա՜ն ջերմացնող, այնքա՜ն մտերմիկ`
Հուրհրան, ժպտուն, թրթռուն խաղով,
Իր անմեկնելի, անեզր սիրով:
Տաք զրույցի ենք նստել սիրտ առ սիրտ…
Ոչ ինքն է ուզում հեռանալ ինձնից,
Եվ ոչ էլ ես եմ ցանկանում թողնել, որ
Վերադառնա իր Արեգակին:
Շշնջում է ինձ, թե շառավիղն է Լույս Գերեզմանիդ,
Որ այսպես հուշիկ այցի է գալիս յուրաքանչյուրին,
Քո լույս Հարության համբույրի սիրով,
Զնգուն ծիծաղով առավել կյանքի:
Խուցս դարձրած մի նոր Էմմավուս.
Ինձ ճանապարհորդ հրաշք հանդիպման,
Պատմում էր անհագ սիրո հեղեղով,
Առավել ներկա, քան նույնիսկ ներկան,
Անցքերի մասին անցյալ չդարձած,
Սրտիս քարայրում քնքուշ պեղելով,
Մի անկյուն գողտրիկ կյանքի խորհրդի
Լույս Գերեզմանիդ:
Արցունքի նման կաթկթող լույսով,
Իմ լույս շողիկը
Խաչիդ ճամփան է փռում իմ առջև…
Հառնում է կրկին հայացքդ թախծոտ,
Հանդարտ ու վսեմ,
Տարածուն` դեպի հորիզոնները հավիտյանների:
Ժպիտ կա դեմքիդ` լուսավոր ծորուն,
Թևերդ բացված լայն ու ընդարձակ`
Հրավիրելով Սիրո Հանդեսի:
Ինչպես ասել է մի մեծ իմաստուն`
Քո իսկ խոսքերից հյութեղեն քամված.
– Ով մահ է փնտրում, նա է կյանք գտնում …
Փշե պսակիդ արյան շիթերի
Ամեն կաթիլը մի պատմություն է
Խտացած կարմիր,
Դժնի մատնության, ուրացման, ստի,
«Սիրո համբույրի» դավաճանական,
Կաշառված հոգու, ծախված երազի,
Շարունակ խորհուրդ երեսնարծաթյա
Առք ու վաճառքի` վաճառված կյանքի:
Լքված, միայնակ ներում ես հայցում
Ամենքի համար,
Առանց բաժանման, առանց խտրանքի…
Նույնիսկ այդ պահին, երբ հառաչեցիր.
«Արդ կատարեալ է»,
Երբ քացախային դառնահամ լեղին,
Հոգով ըմպեցիր մինչև ցմրուր,
Գամերիդ ցավից առավել ծաղկեց
Սերդ Սիրողիդ…
Ախորժելի է, պատիվ է Քեզ հետ,
Քեզ համար լինել խաչիդ խաչակից,
Տառապանք կրել, զրկանք ու կապանք,
Քան թե
Քո փառքին և արքայության լինել փառակից:
Ձեռքիցս բռնած լույսիկն իմ շողիկ,
Ինձ այցի բերեց Լույս Գերեզմանիդ…
Գերեզման, որից կյանք է ճառագում.
Վերստին ծնունդ, ոչ մահվան խորհուրդ,
Բաբախուն մի սիրտ ողջերից էլ ողջ,
Մերժած թե՛ մահը, թե՛ մեռելություն:
Յուղաբեր կանանց նման երկյուղած,
Ուզում եմ լսել ձայնը, թե «Յարեա՜ւ»,
Ուզում եմ ապրել կյանքը, որ «Յարեա՜ւ»:
Խուցս վերածած նոր Էմմավուսի,
Հրաժեշտ տվեց իմ լույս շողիկը`
Քաղցր համբույրը դաջելով սրտիս…
– Ա՜յ լույսիկ, լուսնիկ, քաղց լույս շողիկ
Հարազատ դարձած,
Ընկեր բարեկամ, հուրհրան կյանքի,
Արփի անվախճան ու անդավաճան:
Իմ համբույրն էլ տուր ողջ տիեզերքին,
Լույսդ ու ձայնդ հասնի ամենքին,
Երկնքին, երկրին, մեծին ու փոքրին:
Այն ուրախությամբ, որ տվել ես ինձ
Աշխարհս Հայոց լեզվի խնդությամբ,
Սիրո բերկրանքով, հույսի ցնծությամբ,
Հավատքիդ կանչով, ձայնով հաշտության,
Վախի, կեղծիքի, ստի ու մահվան
Անարգ պարտությամբ
Ամենուր խայտա կյանքը Հարության
Լույսի Հաղթության»։


