
Ի՞նչ խաղ է խաղում Փաշինյանը Հայաստանի ընտրություններից առաջ․ НТВ
Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մոսկվա: Ռուս-հայկական կապերը դարերի պատմություն ունեն, և զարմանալի է լսել հակասական հայտարարություններ ներկայիս հայկական իշխանություններից՝ երբեմն Ռուսաստանի հետ կապերը պահպանելու, երբեմն էլ դրանք խզելու մասին․ գրում է НТВ-ն:
Ինչպես նշվում է, հայ հյուրի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հստակեցրել է, որ ժամանակն է որոշել, թե ինքը և Հայաստանը ո՞ր աթոռին կնստեն: Հայաստանը կառուցել է ԱՊՀ-ում ԱՄՆ ամենամեծ դեսպանատունը, սկսել է ակտիվորեն մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին և բռնել է Եվրոպայի հետ մերձեցման ուղին: Միևնույն ժամանակ, նրանք չեն ցանկանում խզել կապերը նաև Ռուսաստանի հետ. տնտեսական համագործակցությունից ստացվող օգուտները չափազանց մեծ են:
«Պարզ ասած՝ ՀՀ ղեկավարությունը փորձում է նստել երկու աթոռի վրա, ինչն անհնար է նույնիսկ առօրյա կյանքում, առավել ևս՝ բարձր մակարդակի քաղաքականության մեջ: Եվ, ըստ երևույթին, այն պահը, երբ երկու աթոռներն էլ անկայուն են, և ՀՀ վարչապետը ստիպված կլինի ընտրություն կատարել դրանց միջև, եթե արդեն չի եկել, ապա անկասկած շատ է մոտեցել ՌԴ նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ», – գրում է НТВ-ն:
Հունիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կորոշվի երկրի վարչապետը: Վլադիմիր Պուտինն այս հարցը բարձրացրել է Կրեմլում տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն հայ, որոնք ուշադիր հետևում են իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին։
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, որն աջակցում է Հայ առաքելական եկեղեցուն, այժմ ակտիվորեն հետապնդվում է կառավարության կողմից և տնային կալանքի տակ է։ Կրեմլում Փաշինյանը, նկատելիորեն ճոճվելով իր աթոռին, այնուամենայնիվ, շարունակում էր պնդել, որ Հայաստանում քաղաքական ճնշումներ չկան, և որ ինքը երկիրը հասցրել է ժողովրդավարության այնպիսի մակարդակի, որն ինչ-որ տեղ նույնիսկ չափազանց շատ է։
«Հավանաբար, հենց այդ պատճառով էլ մարդիկ պաստառներով հավաքվել էին Հայաստանի դեսպանատան մոտ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի օրը՝ խնդրելով վարչապետին մեղմել հանրապետություն ավելի շատ ժողովրդավարություն բերելու իր ցանկությունը։ Սակայն, քիչ հավանական է, որ Փաշինյանը լսած լինի նրանց. նա ավելի շատ զբաղված է իր ընտրարշավով, կարկանդակներ ուտելով, թմբուկներ նվագելով և, իհարկե, սոցիալական ցանցերով», – գրում է լրատվամիջոցը։


