
Իսպանիայի ոստիկանությունն առցանց վաճառքի հարթակում հայտնաբերել է 1 դար առաջ անհետացած ձեռագիր մատյան
Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է 17-րդ դարի ձեռագիր, որը 1 դար առաջ անհետացել էր Վալենսիայի մետաքսի թանգարանից․ ձեռագիրն առցանց վաճառքի էր հանվել 71.900 եվրոյով․ գրում է Euronews-ը։
Գրքի էջերը պատրաստված են կանաչ մագաղաթից, իսկ կազմը՝ կանաչ թավշից:
Փաստաթուղթը 1479 թվականին Ֆերդինանդ II Արագոնացու ստորագրած որոշումների պատճենն է, որով թավշագործությունն արհեստից վերածվում էր արվեստի, իսկ թավշագործներին շնորհվում էին արտոնություններ և հասարակական ճանաչում։
Վալենսիայի ազգային ոստիկանության ժառանգության խմբի աշխատակիցները փաստաթուղթը հայտնաբերել են մշակութային իրերի առցանց վաճառքի պարբերական մոնիթորինգի ժամանակ․ ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Վաճառողը քննիչներին ասել է, որ չգիտեր փաստաթղթի ծագումը՝ նշելով, որ իր հայրն այն ձեռք է բերել 1970-ականներին:
Նշվում է, որ ձեռագիրն անհետացել է 1907-1909 թվականներին և երբեք պաշտոնապես չի վաճառվել:


