06 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատախազությունը պահանջում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար

Դատախազությունը պահանջում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները, որոնք վերաբերում են ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին․  այս մասին հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազությունը։

«Մասնավորապես՝

  1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցերից մեկով պահանջում էՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • 13 անշարժ գույք, 12-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում.
  • 5 տրանսպորտային միջոց.
  • 2 իրավաբանական անձում մասնակցություն.
  • շուրջ 270 միլիոն 840 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
  1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մեկ այլ հայցով պահանջում է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի նախկին տեղակալ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչության նախկին պետ Վահան Զորիկի Մամիկոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • 8 անշարժ գույք, որից 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ գյուղում, 1-ը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 3-ը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նշավան գյուղում.
  • 446 միլիոն 691 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 86 միլիոն 413 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
  1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մեկ այլ հայցով պահանջում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում բաժնի պետի, Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի, ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • 3 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 303 միլիոն 918 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023 թվականի մարտի 6-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 59 անշարժ գույք, որոնցից 15-ը գտնվում է Երևանում.
  • 4 տրանսպորտային միջոց.
  • 20 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար դրամի չափով.
  • 8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն դրամի չափով և 3 միլիոն 117 հազար եվրոյի չափով.
  • Եվս 21 միլիարդ 202 միլիոն դրամ։

Հիշեցնենք նաև, որ 2025 թվականին դատախազն իրավասու դատարան է հանձնել ՀՀ նախկին վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը:

Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու, այդ թվում՝

  • պաշտոնեական լիազորություններն անցնելով ավազի արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպության բաժնեմասն իրեն փոխկապակցված անձանց փոխանցելու,
  • ավազի արդյունահանման ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու,
  • իր կողմից հովանավորվող առևտրային գործունեության ընթացքում թույլ տրվող խախտումների կապակցությամբ միջոցներ չձեռնարկելու և ծանր հետևանքներ առաջացնելու,
  • վերագրվող հանցավոր արարքների կատարման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները շարժական ու անշարժ գույքի փոխակերպելու միջոցով օրինականացնելու մեջ»,- ասված է հայտարարության մեջ։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026