
Պասկևիչյանն առաջարկել է «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը տեղադրել ՀԸ-ի Youtube ալիքում
Տիգրան Պասկևիչյանը բաց նամակով դիմել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին՝ առաջարկելով «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը տեղադրել Հանրայինի Youtube ալիքում։
«Օրեր առաջ ՖԲ-ում արած ձեր գրառման մեջ գրել էիք, թե քննարկում եք «ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները, որ բոլորը կարողանան ինքնուրույն գնահատել իրավիճակը»։
Որպես ֆիլմի հեղինակ՝ ուզում եմ իմանալ՝ ուր հասան քննարկումները և երբ «Անկախության մեր ճանապարհը» հասանելի կլինի հանրությանը։
Պայմանավորված հանրայինի անխոհեմ հայցով և դատարանի վճռով՝ հանրության մեջ աճել է հետաքրքրությունը։ Բազմաթիվ մարդիկ, կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ՝ Հայաստանից և Սփյուռքից, ուզում են տեսնել «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը և դիմում են ինձ։ Հայտնված լինելով ոչ օրդինար իրավիճակում, ես չեմ կարողանում սպառիչ պատասխան տալ։
Ուստի առաջարկում եմ հնարավորինս շուտ քննարկել ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները և հանգուցալուծել հանրայինին ամենևին պատիվ չբերող այս թնջուկը, հատկապես որ նույն գրառման մեջ ձեր բերած փաստարկները չափազանց թույլ են և չեն հերքում գրաքննության կամ քաղաքական պատճառներով արգելելու կանխավարկածները։
Ձեր և իմ գործը դյուրացնելու համար առաջարկում եմ ֆիլմը տեղադրել հանրայինի Youtube ալիքում։ Հավատացեք, դա կլինի խնդրի լուծման ամենակարճ և արդյունավետ ճանապարհը։
Հ.Գ. Որպեսզի բոլոր հետաքրքրվողներին առանձին չպատասխանեմ, խնդրում եմ բաց նամակիս տալ բաց պատասխան», – գրել է նա Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք՝ ֆիլմի հեղինակ Պասկևիչյանը պնդում է, որ Հանրայինն արգելել է ֆիլմի ցուցադրությունը, այնինչ հեռուստաընկերության տնօրենի պարզաբանման մեջ նշված է, որ «պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ և ֆիքսվել է եթերի օր, սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում»։


