
Ընտրական օրենսգրքի փոփոխություն՝ արտահերթ նիստով․ ընդդիմությունը տեսնում է քաղաքական հաշվարկ
Ազգային ժողովում սպասվում է արտահերթ նիստ, որի օրակարգում ընտրական օրենսգրքի փոփոխության հարցն է․ ABC Media-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը իշխանության կողմից ընդունվել է անակնկալ՝ նախորդ օրը երեկոյան, և դեռևս նույնիսկ նախագիծը շրջանառության մեջ ամբողջությամբ դրված չէ։
«Առավոտյան միայն պետք է խորհրդի նիստ տեղի ունենա, հետո արդեն պատգամավորներին կոչ կանեն՝ առանց բավարար ծանոթանալու, արագ քվեարկել նախագծին»,- նշեց պատգամավորը։
Ըստ Մանուկյանի՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է արգելել անձնանունների օգտագործումը կուսակցությունների և դաշինքների անվանումներում։
«Այսինքն, օրինակ՝ դաշինքը չի կարող կոչվել որևէ անձի անունով․ եթե, ասենք, դաշինքը ներառում է հայտնի գործչի անուն, դա այլևս թույլատրելի չի լինելու»,- պարզաբանեց նա։
Պատգամավորը ընդգծեց, որ նման փոփոխությունները հակասում են միջազգային ընդունված սկզբունքներին՝ հիշեցնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, համաձայն որի՝ ընտրություններից մեկ տարի առաջ արմատական փոփոխություններ իրականացնելը ցանկալի չէ։
Մանուկյանի գնահատմամբ՝ նախաձեռնության հիմնական նպատակը ընդդիմադիր ուժերի գործունեությունը սահմանափակելն է։
«Սա խոչընդոտ է ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների լիարժեք մասնակցության համար։ Շատ ուժեր արդեն պատրաստել են քարոզչական նյութեր, պաստառներ, և հիմա ստիպված են լինելու ամեն ինչ սկսել զրոյից»,- ասաց նա։
Նա նաև ընդգծեց, որ նորաստեղծ դաշինքների դեպքում անձնանունների արգելքը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել ճանաչելիության առումով։
«Երբ դաշինքը նոր է և դեռ հայտնի չէ, մարդիկ հիմնականում ճանաչում են կոնկրետ անձի միջոցով։ Այս փոփոխությամբ այդ հնարավորությունն էլ է սահմանափակվում»,- հավելեց պատգամավորը։


