27 Նոյ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զանգեզուրի կոմբինատի նախկին բաժնետեր Տրոցենկոն վաճառել է AEON հոլդինգային խմբում բաժնետոմսերի 69%-ը

Զանգեզուրի կոմբինատի նախկին բաժնետեր Տրոցենկոն վաճառել է AEON հոլդինգային խմբում բաժնետոմսերի 69%-ը

Ռուսաստանցի գործարար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին բաժնետեր Ռոման Տրոցենկոն վաճառել է «AEON ենթակառուցվածքային կորպորացիա» հոլդինգային խմբում իր բաժնետոմսերի 69%-ը, РБК-ին հայտնել են ընկերությունից։

Գործարքից հետո նրան այժմ պատկանում է բաժնետոմսերի 31%-ը: Հայտնի է նաև, որ գործարարը կլքի ընկերության տնօրենների խորհուրդը։

Տրոցենկոյի վաճառած բաժնետոմսերի 36%-ը գնել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Միրոնենկոն, իսկ 33%-ը՝ Ալեքսանդր Օրեխովը, որը կզբաղեցնի նաև AEON-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։

Ինչպես պարզաբանել է ընկերությունը, գործարարը կրճատել է իր մասնաբաժինը և հեռացել գործառնական կառավարումից՝ «քաղաքային միջավայրի և կրթության զարգացման բարեգործական ծրագրերի վրա կենտրոնանալու ցանկության պատճառով»:

Միլիարդատերը Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշում 38-րդ տեղում է՝ 3,2 միլիարդ դոլար կարողությամբ։

Հիշեցնենք, որ Ռոման Տրոցենկոյի GeoProMining հանքարդյունաբերական խումբը ձեռք է բերել Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60%-ը։

2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՄՊԿ-ն ունի նոր բաժնետեր՝ ի դեմս կրեմլամերձ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող Ռոման Տրոցենկոյի։ Պարզվեց՝ վերջինիս «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ Պատճառն ու պայմաններն առայսօր հայտնի չեն, համենայն դեպս պաշտոնապես որևէ պարզաբանում չի տրվել, թե ՀՀ թիվ մեկ հարկատուն ինչպես հայտնվեց կրեմլամերձ միլիարդատիրոջ մոտ ու ինչու նա բաժնետոմսերը նվիրեց Փաշինյանի կառավարությանը։

Նշենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը, որի մեջ ներառվել են նաև նոր գործարարներ, այդ թվում՝ Տրոցենկոն։ Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի հիմնական փաստաթղթերում։

Պետդեպարտամենտը նրան ներառել է սև ցուցակում՝ Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական ոլորտում աշխատանքի կամ նախկին աշխատանքի պատճառով։ Բացի այդ, Պետդեպարտամենտը ցուցակում է ներառել անձնական ակտիվների և ներդրումային գործիքների ցանցը, որն օգտագործվում է Տրոցենկո ընտանիքի կողմից: Փաստաթղթերում նշվում է, որ Տրոցենկոների ընտանիքը մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։