
Ավտոներկրողները 2 օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող մեքենաները․ պատգամավոր
Ավտոներկրողներն ահազանգում են, որ արդեն երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Որպես պատճառաբանություն բերվում է փաստաթղթերի անհամապատասխանելիությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ից ներկրվող որոշ մեքենաների փաստաթղթերում առկա է մետաղաջարդոն մակնշումը, ինչն էլ մաքսայինի աշխատակիցները գնահատում են խոչընդոտ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծում իրականացնելու համար։
Մինչդեռ նախկինում նման տեսակի փաստաթղթերը երբևէ խնդիր չեն առաջացրել նույն մաքսավորների շրջանում։ Եթե անգամ կա ներքին որոշում, ինչո՞ւ նախապես չեն տեղեկացվել ներմուծողները։
Այսպիսի անհասկանալի դիրքորոշման հետևանքով այս պահին 14-15 ավտոմեքենա շարունակում է մնալ մաքսատանը։
Հրավիրում եմ ՀՀ ՊԵԿ-ի ուշադրությունը՝ ակնկալելով պարզաբանում և շուտափույթ լուծում»,- նշել է Դանիելյանը։


