
Հայաստանը խնդիրներ ունի ՀԱՊԿ-ի հետ, բայց դուրս չի գա ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից․ ռուս պաշտոնյաներ
Երևանը դուրս չի գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), քանի որ դա մահացու հարված կհասցնի Հայաստանի տնտեսությանը: Այս մասին Известия-ի հետ զրույցում նշել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Հայաստանը երբեք չի դուրս գա ԵԱՏՄ-ից։ Դա նրա համար մահ կլինի, դա հավասարազոր կլինի տնտեսության մահվան։ Երկրորդ, նույնիսկ եթե դուրս գա, ստիպված կլինի միանալ Եվրամիությանը (ԵՄ), բայց ո՞վ կընդունի նրան ԵՄ», – նշել է խորհրդարանականը։
Կալաշնիկովը հավելել է, որ Ռուսաստանը պետք է նույն կերպ արձագանքի «Երևանի անբարյացակամ հարձակումներին»։ Նրա խոսքով՝ ամենաշատը կտուժեն հայ ձեռնարկատերերը։
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն, իր հերթին, ընդգծել է, րոր Հայաստանը չունի ԱՊՀ-ի հետ համագործակցությունը կրճատելու կամ դրանից դուրս գալու ծրագրեր։
«Երևանը հետաքրքրված է ԱՊՀ-ի հետ բազմաթիվ ոլորտներում շփումներով՝ տնտեսական, իհարկե, քաղաքական և մարդասիրական։ Նրանք որոշակի կասկածներ և բարդություններ ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ ռազմաքաղաքական ոլորտի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, հարցեր չկան», – նշել է նա։


