09 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն»

Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն»

Հայաստանի կառավարությունը մտադիր է 5 տարի շարունակ իր վրա վերցնել պատգամավոր Իշխան Զաքարյանի հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրով նախատեսված կառուցապատման տարեկան վճարը. այդ գումարը կկազմի ավելի քան 165 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Զաքարյանը մտադիր է սպորտային ավան կառուցել Ջրվեժում՝ հենց անտառպարկում։ Դրա համար տարածքը կառավարությունը տրամադրել էր անցած տարի՝ արագացված կարգով։ Հիմա էլ գործադիրը որոշեց մուծել իր իսկ տրամադրած տարածքի կառուցապատման վճարը՝ ազատելով Զաքարյանին ներդրումային ծրագրի որոշակի ֆինանսական բեռից։

Անտառպարկի 23 հեկտարը՝ Իշխան Զաքարյանին

Անցած օգոստոսին կառավարությունը որոշեց Երևանի մերձակա «Ջրվեժ» անտառպարկի տարածքից ավելի քան 23 հեկտար հատկացնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Իշխան Զաքարյանն է։ Վերջինս այժմ անկախ պատգամավոր է, սակայն 2021-ին խորհրդարան էր մտել Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, ապա՝ ամիսներ անց լքել ընդդիմադիր խմբակցությունը։

Կառավարությունը անտառային պարկի հսկա տարածքը տրամադրել է, որպեսզի Զաքարյանի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ սպորտային ավան կառուցի։ Ըստ նախագծի՝ այս ավանում պետք է ապրեն Համահայկական խաղերի՝ Հայաստան ժամանող մասնակիցները. նախատեսվում է տարածքում կառուցել 600 տնակ, բժշկական կենտրոն, լեռնադահուկային ուղի, ճոպանուղի, մարզասրահներ, հեծանվահրապարակներ և այլն։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կառավարությունը գնահատել է մոտ 20 միլիարդ դրամ, որը ներդնելու են «գործընկեր կազմակերպություններն ու անհատները»։ Ներդրումային ծրագիրը պետք է ավարտվի 13 տարի անց՝ 2038-ին:

Կառավարությունը կվճարի Զաքարյանի ՀԿ-ի փոխարեն

Կառավարության որոշման հիմնավորումներից տեղեկանում ենք, որ «Ջրվեժ» անտառպարկի ավելի քան 23 հեկտար տարածքի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմելու է 24.5 միլիոն դրամ՝ հիմք ընդունելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկի բանաձևը։ Գործադիրը հիմնավորել է, թե «ծրագրի իրականացման սկզբնական փուլը ենթադրում է զգալի նախապատրաստական աշխատանք ու կապիտալ ներդրումներ…դեռևս առանց գործունեությունից համարժեք եկամուտների ձևավորման»։ Ու քանի որ ներդրողը այս փուլում եկամուտ չի ստանում, կառավարությունը որոշել է կառուցապատման իրավունքով հողի տրամադրման տարեկան վճարի բեռը վերցնել ՀԿ-ից և 5 տարի՝ 60 ամիս, պետական աջակցության հատուկ մեխանիզմ ներդնել։ Սա ենթադրում է 24.5 միլիոն դրամի (մոտ 65 000 դոլարի) աջակցություն։

Երկրորդ ուղղությունը, որով կառավարությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել, անտառային հողերը Զաքարյանի ՀԿ-ին տրամադրող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին է վերաբերում. ըստ որոշման՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխարեն տարեկան կառուցապատման վճարը վճարելուց հետո ՊՈԱԿ-ը ևս պետք է հարկ վճարի՝ տարեկան 9.8 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ և 3.5 միլիոն դրամի շահութահարկ։ Ընդհանուր՝ տարեկան 13 միլիոն դրամը ևս կվճարի կառավարությունը։

Երևանից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող անտառպարկը հիմնադրվել է մոտ կես դար առաջ՝ 1977 թվականին՝ Երևանի էկոլոգիական վիճակի առողջացման նպատակով։ Այս տարածքում են աճում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված անհետացող ու հազվագյուտ 21 բուսատեսակներ։

«Հետք»-ը նոյեմբերին ներդրումային ծրագրի վերաբերյալ զրուցել էր Իշխան Զաքարյանի հետ, ով վստահեցրել էր՝ կառուցապատումն իրականացվելու է պարկի այն տարածքում, որտեղ անտառ չկա: «Անտառին որևէ մեկը չի կպնում, որևէ ծառ չի վնասվում, որևէ բան չի խաթարվում, ընդհակառակը՝ անտառազուրկ, ամայի տարածքը սարքելու ենք անտառ»,- վստահեցրել էր նա ու ասել, որ տարածքում 20 հազար ծառ է տնկվելու։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին հատկացված տարածքը ներառում է նաև անտառպարկի ոռոգման համակարգի մի մասը։ Զաքարյանն ասել էր, որ մտադիր են ոռոգման նոր համակարգ ներդնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026