09 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է բիթքոինի գաղտնի ստեղծողը․ պարոն X՞, թե՞ պարոն Բեք

Ո՞վ է բիթքոինի գաղտնի ստեղծողը․ պարոն X՞, թե՞ պարոն Բեք

Անցել է 17 տարի այն ժամանակվանից, երբ համացանցի անհայտ անկյունում հայտնվեց 9 էջից բաղկացած փաստաթուղթ՝ նշանավորելով աշխարհի առաջին կրիպտոարժույթի ստեղծումը։ Այժմ բիթքոինը հետաքրքրաշարժ երևույթից վերածվել է ֆինանսական ոլորտի անբաժանելի մասի։ Դրա ստեղծողի ինքնությունը, սակայն, մնացել է անհայտ՝ թաքնված Սատոշի Նակամոտո կեղծանվան հետևում։

«Ես մեկ տարուց ավելի անցկացրի Սատոշիի ինքնության բացահայտման վրա՝ մանրակրկիտ ուսումնասիրելով տասնյակ տարիների վաղեմության համացանցային հազարավոր գրառումներ։ Իմ գործընկեր Դիլան Ֆրիդմանի տրամադրած համակարգչային հաշվետվությունների օգնությամբ ես հավաքեցի ապացույցների մի ամբողջություն, որը մատնացույց էր անում 55-ամյա բրիտանացի կրիպտոգրաֆ Ադամ Բեքին։ Պարոն Բեքը հերքել է, որ ինքը Սատոշին է՝ ամեն ինչ վերագրելով մի շարք պատահականությունների», – ասել է The New York Times-ի լրագրող Ջոն Քերեյրուն։

The New York Times-ն անդրադարձել է Քերեյրուի հրապարակած 40 էջանոց զեկույցին՝ ներկայացնելով դրա հիմնական կետերը։ Թե՛ Բեքը, թե՛ Նակամոտոն ներգրավված են եղել Cypherpunks խմբում՝ 1990-ականների սկզբին ձևավորված համայնք, որը ցանկանում էր կիրառել կրիպտոգրաֆիան՝ հաղորդակցությունը կոդավորման միջոցով պաշտպանելու արվեստը՝ մարդկանց պետական վերահսկողությունից ազատելու համար։

1990-ականների վերջին Cypherpunks խմբի իր գործընկերներին ուղղված մի շարք նամակներում Բեքն առաջարկում էր ստեղծել էլեկտրոնային արժույթ, որը կօգներ մարդկանց խուսափել ֆինանսական գործարքներում պետական միջամտությունից։ Նա ցանկանում էր ստեղծել համակարգիչների ցանց, որը կշարունակեր գործել նույնիսկ այն դեպքում, եթե փորձ արվեր վերահսկողություն հաստատել ամբողջ ցանցի նկատմամբ։

Հետագայում հենց այդպես էլ Սատոշի Նակամոտոն նախագծեց բիթքոինը (Bitcoin)։ Բեքին և Նակամոտոյին կապում են ապշեցուցիչ նմանություններ․ Բեքը ստացել է դոկտորի աստիճան ապակենտրոնացված տեղեկատվական համակարգերի ոլորտում. բիթքոինն ապակենտրոնացված տեղեկատվական համակարգ է։ Բեքն օգտագործել է նույն ծրագրավորման լեզուն, ինչ Նակամոտոն։ Երկուսն էլ համակարգչային ցանցերի անվտանգության ապահովման գործում վարպետներ էին։ Նակամոտոն և Բեքն առաջարկում էին էլեկտրոնային սպամի դեմ պայքարի նույնական գաղափարներ։ Երկուսն էլ նախընտրում էին համացանցում անանուն գործել և կեղծանուններ օգտագործելու մեծ երկրպագուներ էին։ Նրանք սիրում էին ասել, որ իրենք ավելի լավ կոդ են գրում, քան ձեռագիր որևէ բան։

Երբ Նակամոտոն հայտնվեց, Բեքն անհետացավ․ իր գյուտն անելուց հետո Նակամոտոն 2,5 տարի փորձում էր այն կատարելագործել։ Այնուհետև, 2011 թվականին, նա անհետացավ։ Բեքը հետևեց նույն օրինաչափությանը, սակայն հակառակ ուղղությամբ։ Տասից ավելի տարի շարունակ, երբ Cypherpunks համայնքը քննարկում էր էլեկտրոնային գումարի գաղափարը, Բեքը բավականին ակտիվ էր։ Սակայն, երբ 2008 թվականի վերջին հայտարարվեց բիթքոինի ստեղծման մասին, Բեքն անհետացավ։

Քերեյրուն նշում է, որ Բեքի գրելաոճը զարմանալի նմանություններ ուներ Նակամոտոյի գրելաոճի հետ՝ բրիտանական ուղղագրության կիրառում, գծիկի սխալ օգտագործում։ Ամիսներ շարունակ ապացույցներ հավաքելուց հետո Քերեյրուին հաջողվել է հանդիպել Բեքի հետ։ Բեքը, սակայն, հերքել է ապացույցները՝ դրանք վերագրելով պատահականության։ Ավելին, նա ասել է, որ ինքը չէր կարող լինել Նակամոտոն, քանի որ այն ժամանակ ինքը նույնիսկ չէր հասկանում, թե ինչպես են աշխատում թվային «հաշվի համարները»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026