09 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրամիությունն ապրիլի 10-ից փոխում է մուտքի/ելքի համակարգը

Եվրամիությունն ապրիլի 10-ից փոխում է մուտքի/ելքի համակարգը

Եվրամիությունը Շենգեն գոտու սահմաններում 3-րդ երկրների քաղաքացիների համար ապրիլի 10-ից ներդնում է մուտքի-ելքի նոր ավտոմատացված համակարգ (EES)․ հաղորդում է Euronews-ը։

Ինչպես նշվում է, դա կարող է զգալիորեն նպաստել ԵՄ վերահսկողական համակարգերի արդիականացմանը, սակայն ոչ առանց մի քանի սկզբնական խոչընդոտների։

ԵՄ մուտքի/ելքի համակարգը (EES), որը փուլ առ փուլ ներդրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 12-ին 29 եվրոպական երկրում, լիովին կգործի 2026 թվականի ապրիլի 10-ից։ Սա կնշանակի, որ անձնագրերի կնիքները կփոխարինվեն թվային եղանակով գրանցված մուտքերով և ելքերով, ինչպես նաև ԵՄ քաղաքացի չհանդիսացող և կարճաժամկետ ուղևորություն իրականացնող ճանապարհորդների մուտքի մերժումներով։

Կգրանցվեն նաև կենսաչափական տեղեկություններ՝ դեմքի պատկերները և մատնահետքերը, ինչպես նաև օգտագործվող ճանապարհորդական փաստաթղթի անձնական տվյալները։

Այս նոր համակարգը ներդրվել է ԵՄ սահմանային անվտանգության և ներգաղթի համակարգերն արդիականացնելու, ինչպես նաև հանցագործությունն ու խարդախությունը նվազեցնելու և անվտանգության ռիսկերը բացահայտելու համար։

Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ ներդրման պահից ի վեր ավելի քան 24․000 մարդու մուտքը մերժվել է տարբեր պատճառներով՝ ժամկետանց և կեղծ փաստաթղթեր, կամ իրենց այցելության պատճառը լիովին չհիմնավորելու անկարողություն։ Ավելի քան 600 մարդ նույնականացվել է որպես Եվրոպայի անվտանգության համար ռիսկ ներկայացնող։

Սա ներառում է նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, ինչպես նաև վիզայից ազատված ճանապարհորդներին՝ անկախ նրանից, թե նրանք ճանապարհորդում են զբոսաշրջությա՞ն, թե՞ գործնական նպատակով։

Այն նաև վերաբերում է այն անձանց, որոնք ԵՄ-ում ունեն սեփականություն, բայց չունեն բնակության թույլտվություն։

Այնուամենայնիվ, Իռլանդիան և Կիպրոսն ազատված են EES-ից, ինչը նշանակում է, որ նրանք կշարունակեն իրականացնել ձեռքով անձնագրային ստուգումներ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026