
1102-ից 4596 տարվա ազատազրկում՝ իսրայելցի պաշտոնյաների համար․ Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել
Թուրքիայում դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար, որը հեռակա ձերբակալվել է «ցեղասպանության» և մի շարք այլ հանցագործությունների մեղադրանքով․ գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Hürriyet թերթին։
«Դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել Ստամբուլի քրեական գործերի 10-րդ դատարան՝ պահանջելով ցմահ ազատազրկում և 1102-ից մինչև 4596 տարվա ազատազրկում 35 մեղադրյալի համար, այդ թվում՝ Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի, նրա պաշտոնն ավելի վաղ զբաղեցրած Յոավ Գալանտի, ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուի, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի, Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրի և Իսրայելի ռազմածովային ուժերի պետ Դավիթ Սաար Սալամայի համար», – հաղորդում է թերթը։
Նրանք մեղադրվում են «մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, բանտարկության, դաժան վերաբերմունքի, վնաս պատճառելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցների բռնագրավման» համար։
Նշենք, որ Ստամբուլի դատախազությունը 2025 թվականի նոյեմբերին ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և 34 այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյայի համար։


