
Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորում է կին մարզիչ
Բեռլինի «Ունիոնը» թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 34-ամյա Մարի-Լուիզա Էտային, որը կղեկավարի թիմը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը․ գրում է Armsport.am-ը:
Այս նշանակմամբ նա դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչը՝ անկախ պաշտոնակատարի կարգավիճակից։
Այս պաշտոնում Էտան փոխարինել է 54-ամյա Շտեֆեն Բաումգարտին, որը թիմը գլխավորում էր ընթացիկ տարվա հունվարից։ Չնայած այն հանգամանքին, որ բեռլինցիները Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը, ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել Բաումգարտին և նրա մարզչական շտաբին։ Նշենք, որ մինչև գլխավոր թիմի ղեկն ստանձնելը Մարի-Լուիզա Էտան աշխատում էր «Ունիոնի» մինչև 19 տարեկանների երիտասարդական թիմում։
«Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում միավորների խտությունը՝ մեր տեղը Բունդեսլիգայում դեռևս երաշխավորված չէ։ Ես ուրախ եմ, որ ակումբն ինձ վստահեց այս բարդ առաջադրանքը»,- նորանշանակ մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ներկայումս բեռլինյան թիմն անցկացրած 29 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 32 միավոր: Մինչև մրցաշրջանի ավարտը մնացել է անցկացնել ընդամենը հինգ հանդիպում։ Էտայի նորամուտը գլխավոր թիմի ղեկին կկայանա առաջիկա շաբաթ՝ ապրիլի 18-ին, երբ «Ունիոնը» սեփական հարկի տակ կընդունի «Վոլֆսբուրգին»։


