
Հունգարիայում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին
Հունգարիայում կայացած ընտրությունների արդյունքում Պետեր Մադյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը կարողացել է ապահովել խորհրդարանական մեծամասնություն: Վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա «Ֆիդես» կուսակցությունը, որոնք իշխանության գլուխ են 16 տարի, արդեն ընդունել են իրենց պարտությունը և խոստացել շարունակել իրենց աշխատանքը որպես ընդդիմադիր․ գրում է BBC-ն։
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ինչպես կուսակցական ցուցակներով, այնպես էլ միամանդատ կարգով: Քվեաթերթիկների գրեթե 99%-ի հաշվարկից հետո «Տիսան» հաղթել է 199 տեղերից 138-ը, ինչը նշանակում է, որ այն, հավանաբար, կապահովի սահմանադրական մեծամասնություն:
Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությունը ստացել է 54 տեղ: Ծայրահեղ աջ «Մի Հազանկ» («Մեր Հայրենիք») կուսակցությունը ստացել է 6 տեղ:
Հունգարիայի կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% շեմը՝ խորհրդարան մտնելու համար: Երկրի օրենսդրության համաձայն՝ ձայների վերջնական հաշվարկը պետք է ավարտվի ոչ ուշ, քան շաբաթ օրը՝ ապրիլի 18-ը:
Վերջնական ձայների հաշվարկին չսպասելով՝ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արդեն շնորհավորել է Մադյարին հաղթանակի կապակցությամբ: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները պարզ են և ցավոտ։
Ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ առաջ հայտնի է դարձել, որ ընտրություններում գրանցվել է ընտրողների ռեկորդային բարձր՝ 74.23% մասնակցություն։


