
ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Հունգարիայի նոր ղեկավարության հետ․ Ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովը կսկսի աշխատել Հունգարիայի նոր կառավարության հետ, երբ ընտրություններում հաղթած Պետեր Մաջյարը պաշտոնապես ստանձնի պաշտոնը և ձևավորի նոր կաբինետ․ այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա նշել է, որ ԵՄ-ն մտադիր է «անմիջապես կապ հաստատել» Բուդապեշտի նոր ղեկավարության հետ և սկսել աշխատել հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ բարեփոխումների և ԵՄ-ի սառեցված միջոցների «ապաարգելափակման» վերաբերյալ։
Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ նոր կառավարության վերաբերյալ վերջնական ակնկալիքները կորոշվեն պաշտոնական երդմնակալությունից հետո, սակայն Մաջյարի նախընտրական հայտարարությունները ցույց են տալիս նրա հավատարմությունը «եվրոպական ուղուն» և ԵՄ ինստիտուտների հետ համագործակցելու պատրաստակամությունը։
«Հունգարիայի վերադարձը ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը կարևոր քայլ կլինի միության միասնության ամրապնդման գործում։ Իր քվեարկությամբ հունգար ժողովուրդը վերահաստատեց իր հավատարմությունը հիմնարար ազատություններին և եվրոպական ինտեգրացիային», – նշել է նա։
Միևնույն ժամանակ՝ Ֆոն դեր Լեյենն ընդգծել է Բուդապեշտի հետ նախորդ տարաձայնություններից ինստիտուցիոնալ դասեր քաղելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, նա պաշտպանել է ԵՄ արտաքին քաղաքականության որոշումների կայացման հարցում որակյալ մեծամասնության մեխանիզմին անցումը՝ խուսափելու համար առանձին անդամ պետությունների կողմից նախաձեռնությունների արգելափակումից։
«Մենք պետք է օգտագործենք այս հարցում առաջ շարժվելու համար առկա ներուժը», – ընդգծել է նա։


