Իսրայելա-պաղեստինյան պատերազմը կարող է կրակի մատնել ողջ Մերձավոր Արևելքը. Բորել
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում բռնության անխուսափելի տարածման մասին, եթե Գազայի հետ Իսրայելի հակամարտությունը չհանգուցալուծվի:
Ժոզեպ Բորելը հայտարարություն է արել այն բանից մեկ օր անց, երբ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին: Իսրայելը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն հայտարարել է, որ պատրաստվում է հնարավոր հաշվեհարդարին:
«Ատելությունը արմատավորվել է։ Լարվածությունն աճում է նաև Կարմիր ծովում, որտեղ միջազգային առևտրային նավերը հարձակման են ենթարկվել Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից»,-ասել է նա:
Բորելը ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները միաձայն կոչ չեն արել հրադադար հաստատել Գազայի հատվածում. «Մենք սահմանափակվեցինք մարդասիրական դադարների և պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերելու պարզ համատեղ կոչով: Եվրամիությունը չի եկել միաձայն որոշման կամ դիրքորոշման, և դա մեզ թուլացնում է»։