Թբիլիսիում կնշվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը
Թբիլիսիի IAart պատկերասրահում հունվարի 9-ին կնշվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։
Ականավոր կինոռեժիսորին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ Փորձարարական և էթնիկ ավանգարդ արվեստի XII միջազգային փառատոնի շրջանակներում։
«Մենք հրավիրում ենք ձեզ ճանապարհորդել մի աշխարհ, որտեղ մտահղացումն ամեն ինչ է, որտեղ յուրաքանչյուր հպում և յուրաքանչյուր կադր պատմում է մի պատմություն, որը գերազանցում է ժամանակը: Միացե՛ք մեզ՝ նշելու արվեստի աշխարհի վրա անջնջելի ազդեցություն թողած արվեստագետ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը»,- գրում են կազմակերպիչները։
Միջոցառման ծրագրում ներառված է.
– Փարաջանովի կոլաժների և հուշանվերների ցուցահանդես
– Լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսը, ով ֆիքսել է բազմաթիվ հետաքրքիր պահեր Փարաջանովի կյանքից և ստեղծագործությունից։
– «Փարաջանովը և ԱԻ» ցուցահանդեսը, որը կներկայացնի արհեստական ինտելեկտի կիրառմամբ Փարաջանովի ֆիլմերի հիման վրա ստեղծված աշխատանքները (արվեստագետներ՝ Ալմագուլ Մենլիբաևա, Ջորջիո դա Վիտա):
– Արմեն Օգանեսյանի անվան տիկնիկային թատրոնի մինի ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին։
– Խոսե Մաժինեի «Անհայտ Փարաջանովը» գրքի շնորհանդեսը և «Էկքեհարդ Մաասը Սերգեյ Փարաջանովի մասին» վավերագրական ֆիլմի դրվագների ցուցադրությունը։
– «Ֆանտազիաներ Փարաջանովի թեմայով» ներկայացումը (երաժշտություն՝ Արայիկ Ֆիտինգոֆ, Գուրամ Մաչավարիանի, խորեոգրաֆիա՝ Անաստասիա Կոնոնչուկ, տեսահոլովակներ՝ Գեորգի Մորիելի):
– Ռեժիսոր Գեորգի Դավիթաշվիլիի «Ուսումնասիրություններ Փարաջանովի թեմայով» գեղարվեստական ֆիլմի հետահայաց ցուցադրություն։