
Ազգովի «ցնցուղ-ցնցուղ» ենք խաղում, անծրագիր էլիտաների առաջնորդությամբ մսխում պետականությունը. Վահե Հովհաննիսյան
Մեզ թվում է՝ երբ այլոց մասին մենք ասում ենք «թուրքը մնում է թուրք», «ռուսը մնում է ռուս», այլոք էլ մեր մասին նույնը չեն մտածում. գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ մինչև մեր հավաքական միտքը չգիտակցի, որ մեր պատմական ողբերգությունների և սխալների հիմքում մենք ենք, և որ հայը պետք է սկսի փոխվել, ու չծնվեն նոր քաղաքական հոսանքներ, որոնք այդ գաղափարների կրողներն են և տարածողները, մեզ մշտապես ուղեկցելու են պարտությունները։
«Միայն նոր տարվա առաջին օրերին Հայաստանում և Ադրբեջանում հանրային դիսկուսիայի որակը ցույց է տալիս այս պահին երկուսիս պետական լրջության տարբերությունը։ Մեր հանրային օրակարգը պոկված ցնցուղն է, իսկ ադրբեջանականում քննարկում են, որ հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ը դառնում է Ադրբեջանին սահմանակից (հաշվի առնելով, որ այս տարվանից կազմակերպության նոր անդամ է Իրանը)։ Ընդ որում, այս տարի ԲՐԻԿՍ-ում նախագահում է Ռուսաստանը։ ԲՐԻԿՍ-ը համաշխարհային տնտեսության հեռանկարն է, ու հետևաբար նաև՝ կարևորագույն քաղաքական-ուժային կենտրոն»,-գրել է քաղաքագետը։
Նա ընդգծել է՝ այն մասին, որ ԲՐԻՍԿ֊ը հասել է հենց մեր սահմանին, չի խոսում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը:
«Մենք ազգովի «ցնցուղ-ցնցուղ» ենք խաղում, անծրագիր ու առանց ստրատեգիական մտածողության էլիտաների առաջնորդությամբ մսխում պետականությունը։ Մենք սարքել ենք ՄԵԿ հոգու սպասարկող պետություն՝ իր բոլոր համակարգերով, ու զարմանում ենք թե ինչու է փլվում պետությունը։ Նիկոլն իր «դուշը» մեծ հաշվով տվել է պետական և հանրային բոլոր ինստիտուտներին՝ կիրարկման սեփական հայեցողությամբ։ Բաքվում ընթացող՝ Վագիֆ Խաչատրյանի դատը ոչնչով չի տարբերվում Երևանում ընթացող՝ Արմեն Աշոտյանի դատավարությունից. արդարադատության, իրավաբանության, ցինիզմի զրո տարբերություն։
Մենք հայերս ենք ձևավորել ստի, ստորաքարշության, լռելու, մանր շահի, իբր պայքարի մեր համակարգերը։ Իբր պետության մեր մոդելը ու հիմա զարմանում ենք, թե հակառակորդն ինչո՞ւ է ջարդում այն»,- գրել է Հովհաննիսյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ մինչև չփոխենք հարցադրումները, մինչև չփոխենք մեր և աշխարհի հարցերին նայելու տեսանկյունը, մինչև չփոխվենք մենք, կորուստները լինելու են շարունակական։