25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերը ԵԱՏՄ երկրներում

Փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերը ԵԱՏՄ երկրներում

Հայաստանի ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը:

Համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Այն ստորագրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով:

«Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորումը ԵԱՏՄ պետությունում: Վերջնանպատակն է աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար»,-ասել է փոխնախարարը:

Այսպիսով, այլևս փորձաքննություն անցնելու կարիք չի լինի:

Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև մինչև համաձայնագիրն ուժի մեջ մտնելը տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի առնչությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ աշխատանքի տեղավորման պետությունում ընդունվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության արդյունքներով:

Այս պահի դրությամբ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ու Ղազախստանն են, որ դեռ չեն վավերացրել համաձայնագիրը:

Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումարն իստում: