Ի՞նչ են փորձել արտահանել երեք բեռնատարով․ ՊԵԿ բացահայտումը
Երեք բեռնատարներով արտահանվող ապրանքը հայտարարագրվել է որպես հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն կանխել է 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը․ այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնում արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում աշխատակիցների մոտ հիմնավոր կասկած է առաջացել, որ փորձ է արվում երեք բեռնատարով մետաղյա ջարդոն արտահանել, մինչդեռ հայտարարագրվել են հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր։ Մետաղյա ջարդոնի արտահանումն արգելված է ՀՀ Կառավարության 2023 թվականի հունիսի՝ «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ։
Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։ Պարզվել է, որ արտահանվող ապրանքները պիտանի չեն հետագա նպատակային նշանակության օգտագործման համար։ Կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: