10 Հուն
2025
0° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ․ ՆԳ փոխնախարար

ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ․ ՆԳ փոխնախարար

Հայաստանը Եվրամիության երկրներից նախորդ տարի ստացել է 411 հետընդունման (ռեադմիսիայի) հայցեր՝ դրական պատասխանի արժանացնելով դրանց ավելի քան 92 տոկոսը․ այս մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրառման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի ներկայացման շրջանակում:

Ըստ Սարգսյանի՝ վիճակագրական առումով Հայաստանը բավականին լավ իրավիճակ ունի, ինչը վստահություն է տալիս ԵՄ գործընկերներին՝ շարունակելու ռեադմիսիոն գործընթացի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը:

«Դրական պատասխանը չի ենթադրում, թե Հայաստանը հրաժարվում է հետ ընդունել այն քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ տարբեր երկրներում: Շատ ու շատ դեպքերում կարող են լինել դեռևս չճշտված հանգամանքներում բնակվող անձինք, որոնք հետընդունման ենթակա չեն: Իսկ նրանք, որոնք հետընդունման ենթակա չեն, հետևաբար հայտնի շրջանակում դրական պատասխանի չեն արժանացել»,-ասաց փոխնախարարը:

Ըստ նրա՝ հայցեր ստացվում են հիմնականում Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Ռումինիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից և Նորվեգիայից:

Անդրադառնալով արձանագրությունը վավերացնելու մասին ներկայացված նախագծին՝ Սարգսյանը նշեց, որ մինչև այս պահը ուժի մեջ են 7 երկրների հետ արձանագրությունները՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:

«Պրակտիկան հիմնականում ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը շատ լավ խթան են հանդիսանում՝ Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի վրա դնելու համար: Սա թույլ է տալիս նաև ընդգծելու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունել, ռեադմիսիոն գործընթացներ ապահովել այն անձանց համար, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում»,-ասաց փոխնախարարը: