Միասին կարողանալու ենք բեկել պատմության ընթացքը ․ ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ․
«Չարաբաստիկ 2023-ը կմնա մեր պատմության մեջ որպես հայրենազրկման ու կորստի տարի։
Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար հեշտ ու արագ լուծումներ չկան։ Մենք խնդիր ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Արտաքին մարտահրավերները հնարավոր չի լինի հաղթահարել առանց ներքին մարտահրավերները հաղթահարելու։ Մեր բոլորի գերխնդիրն է նոր կորուստներ ու կենսական զիջումներ, անվտանգային իրավիճակի վատթարացում թույլ չտալը։ Օրվա հայրենադավ վարչախմբի ու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին մենք պետք է հակադրենք մեր ազգային-պետական շահերից բխող իրական, արժանապատիվ խաղաղության օրակարգը, որը կապահովի ե՛ւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու անվտանգությունը, ե՛ւ Արցախի ժողովրդի ու Հանրապետության իրավունքների պաշտպանությունը եւ ընդհանրապես մեր ժողովրդի բարօրությունը։
Արդարության, արժանապատվության եւ հավասարության արժեհամակարգերի վրա հիմնված մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը պետք է հռչակվի ազգային ռազմավարական նպատակ։
Մենք հավատում ենք մեր ժողովրդի հավաքական իմաստությանն ու ուժին եւ վստահ ենք, որ միասին կարողանալու ենք բեկել պատմության ընթացքը»։